среда, 13 декабря 2017 г.

Դեկտեմբերի 25-29-ը կրթահամալիրում

Ստորև ներկայացնում եմ սույն թվականի դեկտեմբերի 25-29-ը ժամանակահատվածում, կրթահամալիրում իմ կողմից իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները և նախագծերը:


2018 թվականի, հունվարյան ճամբարի ընթացքում կազմակերպվող ինտելեկտուալ մրցաշարերի հարցերի բազայի կազմում, խմբագրում:

9-րդ դասարանի ավարտական՝ պատմության քննության հարցատոմսերի և հարցաշարերի մշակում, թեմաների բովանդակության ամբողջացում: Հիմք՝ Կրթահամալիրի տնօրենի թիվ 1406-Ա/2 հրամանը:

Ինքնակրթություն և անհատական ընթերցանություն: Մտադիր եմ կարդալ՝ Նիկոս Կազանձակիսի Հույն զոռբան և Առնոլդ Թոյնբիի Անհատի դերը պատմության մեջ աշխատությունը:

Ներառող նախագծեր

Նախագծի անվանումը

Մեր մանկության ֆիլմերը

Իրականացման ժամկետները

Սույն թվականի դեկտեմբերի 25-29-ը, ինչպես նաև հունվարյան ճամբարի ընթացքում:

Նկարագիր, խնդիրներ, հիմնական նպատակներ

Գյումրի կատարած այցելության ընթացքում պարզեցինք, որ բազմաթիվ սովորողներ չեն դիտել հայկական հին ֆիլմերը: Խոսքը խորհրդային փուլում նկարահնված ֆիլմերի մասին է, որոնք բացի իրենց կինոմատոգրաֆիկ արժեքից, կարևոր աղբյուր են հանդիսանում ժամանակի ընկալումներից, ազգագրության, պատմության, սոցիալ-մշակութային հարաբերությունների մասին: Դրանք հայկական մշակույթի և համաշխարհային մշակույթի շաղախի մի մասն են: Ֆիմլ հասկացությունն իր ընկալումներով ընկած է մարդու, անհատի հումանիտար պահանջմունքների հիմքում և որոշակի առումով օգնում է մշակութային վարքագիծ ձևավորելուն, ավելին՝ շատ դեպքերում ուղղակի ազդեցություն է ունենում այդ վարքագծի վրա: Այս մասին, իրենց ժամանակին մանրակրկիտ խոսել են Ադոռնոն և Հորքհայմերը:
Նպատակն է սովորողներին ներկայացնել հայկական մշակույթի այս բաղադրիչը:
Յուրաքանչյուր ֆիլմի դիտումից հետո, կկազմակերպենք փոքրիկ քննարկում:
Ֆիլմերի դիտման ժամերը կկարգավորվեն Վարժարանի գրասենյակի հետ:

Մասնակիցներ

Ֆիլմերի դիտմանը կարող են մասնակցել ինչպես հետաքրքրված սովորողները, այնպես էլ՝ դասավանդողները: Դասավանդողներիս համար լավ առիթ է մեկ անգամ ևս հիշելու, վերաարժևորելու, նորովի հայացք նետելու մեր ունեցած մշակութային ժառանգությանը:

Ակնկալվող արդյունք

Շահառուները կարող են իրենց ընկալումներով, դիտարկումներով հանդես գալ սեփական բլոգներում: Սակայն առաջնային արդյունք կդիտարկվի ծանոթացումը մշակութային այդ բաղադրիչի հետ և ինտելեկտուալ միջավայրի ապահովումը:

Նախագիծ երկու

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դավիթ-Բեկ տեսադասի նկարահանումներն արդեն ավարտական փուլում են, հնարավորության և  հետաքրքրված սովորողների առկայության դեպքում, այս փուլում կշարունակենք «Պատմության քառուղիներում» նախագիծը, անդրադառնալով նոր թեմաների բովանդակությանը:

Նշվածից զատ, դիտարկվում է նաև անհատական և խմբային մասնակցություն կրթահամալիրային այլ նախագծերի:

Комментариев нет:

Отправить комментарий