вторник, 12 декабря 2017 г.

Սարգսյան՝ վարչապետ. ՀՀԿ վարչապետներից միայն երկուսը պաշտոնից չեն հեռացել քաղաքական ճանապարհով, նրանք մահացել են պաշտոնում եղած ժամանակ

-Պարոն Թոքմաջյան, ՀՀ ԱՎԾ-ն օրեր առաջ հրապարակեց պաշտոնական երկու վիճակագրություն: Նրանցից մեկն աղքատության մակարդակի վերաբերյալ վերջին ցուցանիշներն էին. երկրում աղքատությունը 29 տոկոսից մի փոքր ավելին է:
10 քաղաքացուց երեքը համարվում է աղքատ: Մյուս վիճակագրությունը ՀՀ սպառողական գների ցուցանիշներն էին, որոնք դինամիկ աճ են արձանագրում: Ինչի՞ կարող է հանգեցնել այս իրավիճակը, ըստ Ձեզ:
-ԱՎԾ-ի հաշվարկը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Նրանք վերցնում են ենթադրյալ մեխանիզմներ, որոնք միայն իրենք են հասկանում: Իրականում կա մեկ այլ՝ ՄԱԿ-ի հաշվարկը, համաձայն որի՝ մեզ նման երկրներում, եթե բնակիչների օրական միջինացված ծախսերը չեն գերազանցում հինգ դոլարի սահմանը, ապա մարդը համարվում է աղքատ: Այս տվյալներով Հայաստանում 70 տոկոսից ավելի է աղքատությունը: Այդ նույն ԱՎԾ-ի և իշխանությունների տրամաբանությամբ՝ եթե մարդու եկամուտներն ամսական կազմում են շուրջ հիսուն հազար դրամ, ապա մարդն այլևս աղքատ չէ: Սա ինքնին ծիծաղելի է: Եկեք վարչապետին, նախագահին, ցանկացած պատգամավորի տանք հիսուն հազար դրամ ու ասենք՝ ապրեք: Քանի՞ ժամ կգոյատևեն: Հավաստիացնում եմ, որ 5 րոպե չի բավականացնի: Ինչի՞ մասին է խոսքը: Հայաստանում այսօր յուրաքանչյուր երրորդ երեխա քնում է սոված, իսկ յուրաքանչյուր երկրորդ երեխա՝ կիսասոված: Տրամաբանական կլիներ, եթե այս սոցիալական լարվածությունը հանգեցներ իրական բախումների, սակայն իշխանությունները դեռևս տարբեր պոպուլիստական հնարքների միջոցով կարողանում են կանխել դա:
-Պարոն Թոքմաջյան, օրերս նաև հանրությանը հատկապես ֆեյսբուքյան տիրույթում ալեկոծել էր ՀՀԿ որոշ պատգամավորների տրամաբանությունը, ովքեր փորձել են իրենց գնահատականը տալ գնաճին՝ փորձելով տարբեր կերպ բացատրել ու հիմնավորել, որ գնաճն աղքատ գրպաններին այնքան էլ չի վնասի: Ֆեյսբուքում նույնիսկ սկսեցին «պահանջել» որոշ պատգամավորների հրաժարական: Ինչպե՞ս եք Դուք մոտենում այս հարցին:
-Շատ վատ: Ես ինքս հնչեցնում եմ գնահատականներ Ֆեյսբուքում, որովհետև այլ հարթակ չունեմ: Երբ ասում եմ՝ պոպուլիստական մեխանիզմներ, դրանցից մեկն էլ հրապարակի ու փողոցի գործառույթը Ֆեյսբուք տեղափոխելն է: Կոպիտ ասած՝ Ֆեյսբուքում մենք սուբլիմացվում ենք, ինչը հնարավորություն է տալիս այս իշխանություններին չառերեսվել իրական շահառուների հետ փողոցում: Ես բավականին անլուրջ կլինեի, եթե փորձեի մեկնաբանել ՀՀԿ-ականների տաֆտալոգիկ մտքերը: Այդ հրաժարականների պահանջները նույնքան անլուրջ են: Նայեք՝ ովքեր են նման պահանջներ ներկայացնում և որտեղ են աշխատում, ու Ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի: Էդուարդ Շարմազանովը քննադատում է իր գործընկերոջը: Սա, իհարկե, ծիծաղելի է: Չկա որևէ բարձր իշխանական պաշտոնյա, որը չի ծիծաղում ժողովրդի այս վիճակի վրա: Այդպիսի պահանջներին աջակցելով՝ մենք մտնում ենք ներիշխանական բազարների մեջ, որը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Երկրում կատաստրոֆա է: Ռեզիդենտ ակտիվ քաղաքացիների 70 տոկոսը, ովքեր օգտվում են վարկերից, այսօր դասակարգված են, այսպես ասած, սև ցուցակներում են: Մեկ չէ, թեկուզ տասը պատգամավոր մանդատը դնի, դա ի՞նչ է տալու:
-Ընդդիմության կողմից ժողովրդին համախմբելու և դժգոհությունը փողոց տեղափոխելու հնարավորությունը գոնե այս պահին անհեռանկարային է թվում, և մյուս կողմից՝ փողոցային պայքարը տարիներ շարունակ հաջողություն չի բերել ՀՀ քաղաքացուն: Կա՞ այլ միջոց հանրային բողոքը, դժգոհությունը քաղաքական կապիտալի վերածելու: Ընդհանրապես սոցիալական ինքնաբուխ պայքարի հնարավորություններ կա՞ն:
-Հասկանում եմ՝ ինչ եք ակնարկում: Այո, մինչ օրս, թվում է, թե փողոցային պայքարները չեն հաջողել: Սակայն ինչ-որ փուլում դրանք արմատական առումով գիտակցություն և ընկալումներ են փոխել: Սակայն գրեթե միշտ փակվել են հայրենասիրական անհեթեթ պաթոսով՝ վերջնահաշվարկում Ղարաբաղի խնդիրը շահարկելով ու դամոկլյան թրի նման մեր գլխին կախելով: Ես իրոք չգիտեմ, թե էլ ինչ պետք է անեն այս իշխանությունները, որ մարդիկ գնան ընդվզման: Այս վիճակը երկար չի կարող տևել, դա հասկանալի է, ինչ-որ մի տեղից պայթյուն պետք է լինի, բայց որտեղից՝ ես դա չեմ կարող ասել: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի համար շատ ձեռնտու վիճակ է: Նա իր շուրջ ստեղծել է անփոխարինելիության միֆ, ու շատերն անկեղծորեն հավատում են դրան, ունի հլու-հնազանդ ԱԺ և այդ կառույցում չունի ընդդիմություն:
-Պարոն Թոքմաջյան, ըստ Ձեզ, Ս. Սարգսյանի՝ 2018թ.-ի գարնանն իշխանությունն իր ձեռքը պահելու փորձը կարո՞ղ է դառնալ այն կայծը, ալիքը, որտեղից սկիզբ կառնի ժողովրդական ընդվզումը:
-Դա միանշանակ է, որ նա դառնալու է վարչապետ: Վաղուց դա նախանշված էր: Երբ ժամանակին՝ 2015-ին, մենք ասում էինք՝ դեմ քվեարկեք սահմանադրական փոփոխություններին, այսօր ԱԺ ամբիոնից ոչնչի մասին որոշ ճառողներ ասում էին, թե դա կեղծ օրակարգ է: Տեսանք՝ ինչ տեղի ունեցավ: Սարգսյանը երկար է պատրաստվել ապրիլին, ու չեմ կարծում, թե կիքսեր թույլ կտա: Ի՞նչ տարբերություն, 10 տարի է նա նախագահ է, ու երկրում ամեն ինչ ամեն օր դեպի վատն է գնացել, թող այդ ընթացքում լիներ այն, ինչ լինելու է ապրիլին: Մյուս կողմից, կա մի հետաքրքիր վիճակագրություն, որը կես կատակ - կես լուրջ ասենք. ՀՀԿ վարչապետների մեծ մասը հեռացել է պաշտոնից քաղաքական ճանապարհով: Միայն երկուսն են, որ այդ պաշտոնից չեն հեռացել քաղաքական ճանապարհով: Երկուսն էլ մահացել են պաշտոնում եղած ժամանակ:
-Հայաստանում քաղաքական օրակարգն ի՞նչ սցենարով կզարգանա, ըստ Ձեզ, Ս. Սարգսյանի ֆորմալ վերարտադրության ժամանակ՝ ապրիլին, հնարավո՞ր են անակնկալ զարգացումներ: Եթե ոչ, ապա 2040թ.-ին ի՞նչ կունենանք, կամ ի՞նչ կմնա Հայաստանից:
-2040-ի Հայաստանի օրակարգը շատ ծիծաղելի է: Սերժ Սարգսյանը ճիշտ կաներ, եթե երբեմն ելույթից առաջ ծանոթանար, թե ինչ բովանդակությամբ տեքստեր են տալիս, որպեսզի նա կարդա: Իհարկե, վերանալով բովանդակությունից, կարող ենք ասել, որ նա այդ խոսքով մեսիջ է հղում, որ չի պատրաստվում իշխանությունից հրաժարվել: Գուշակություններ անելն անշնորհակալ գործ է: Եթե անգամ 2040-ին Հայաստան լինի, ապա այս միտումների պարագայում այն կլինի աղքատ, թշվառների երկիր, որտեղ վերջնական տեսքի եկած կլինի միջնադարյան խավային մոդելը:
Քրիստինա Մկրտչյան
Աղբյուրը՝ http://galatv.am/hy/news/211695/

Комментариев нет:

Отправить комментарий