вторник, 5 декабря 2017 г.

Վահրամ Թոքմաջյան. «Բուհերն այսօր Հանրապետականի դուստր ձեռնարկություններն են»

Պարոն Թոքմաջյան, ինչպե՞ս եք գնահատում այս օրերին ընթացող դասադուլները, որպես բողոքի արտահայտչամիջոց: Ըստ Ձեզ, այն կարո՞ղ է վերաճել եւ ավելի լայն շրջանակներ ընդգրկել:

 - Ես այլ, ավելի իրավական ճանապարհ ուսանողների համար, քան դասադուլն է, չգիտեմ: Իհարկե, կարող են լինել նաեւ շուրջօրյա նստացույցեր եւ այլն: Պայքարի մեթոդը սա է: Մնում է՝ չընկրկել: Քանի դեռ չեմ տիրապետում ներքին բոլոր «նուրբ թելերին», ապա պարտավոր եմ հավատալ այն ամենին, ինչ մատուցում են կազմակերպիչները՝ նրանց ազնվությանը: Այս շարժումը կարող է լինել ավելի լայն շրջանակներ ներառող կամ, ինչ-որ անսպասելի էֆեկտի շնորհիվ, ավելի զանգվածային՝ չենք կարող կանխագուշակել: Օրինակ՝ եթե իշխանությունն ինչ-որ պահի բռնություն գործադրի: Սակայն փորձված «աղվեսներ» կան, որոնք գիտեն դրա հետեւանքը եւ հազիվ թե մի քանի հարյուր ուսանողի դեմ գնան նման քայլի: Ավելի զգույշ պետք է լինեն դասախոսները: Նրանք չունեն այն արտոնությունները, ինչ ուսանողները: Նրանց դեպքում օրենքը հստակ սահմանում է, թե ինչ հանգամանքներում ու ինչ որոշումներով կարող են գնալ գործադուլների կամ դասադուլների: Իսկ եթե պարզապես հուզական կարծիք՝ ապա ես ողջունում եմ ցանկացած շարժում, որն ապահովում է ընդամենը թարմություն այս գաղջ մթնոլորտում:
- Ինչպիսի՞ հոգեբանական իրավիճակ է տիրում այսօր ԲՈւՀ-երում: Արդյո՞ք այսօրվա ուսանողությունը պատրաստ է հանուն ինչ-ինչ գաղափարական սկզբունքների, շարժում կամ պայքար տանել ոչ միայն ուսումնական հաստատություններում, այլ նաեւ երկրում:
- Եկեք տանք ընդհանուր բնութագիրը: Բուհերն այսօր Հանրապետականի դուստր ձեռնարկություններն են: Ուսանողությունը համախառն զանգված չէ: Այն կոնկրետ անհատներից կազմված հանրույթ է: Մեծ մասն, իհարկե, նախ պետք է հասկանա, թե գաղափարն ինչ է, հետո նոր պատրաստ լինի այդ գաղափարի համար պայքարելու: Բուհը, մեծ հաշվով, մեր հասարակության այսօրվա վիճակի արտացոլանքն է: Նույն սոցիալական խմբերի երիտասարդներն են սովորում, որոնց մի մասը ծախվում է ընտրություններին, մի մասը ծառայություններ է մատուցում, մի մասն ընկրկում է թաղի խուժանի առջեւ կամ համագործակցում նրա հետ, իսկ մի փոքր մասն էլ պայքարում է այդ ամենի դեմ: Այս վիճակը քանի գնում՝ խորանում է ու դա ողբերգական է: Բոլոր երկրներում ու ժամանակներում շարժիչ ուժը եղել են ուսանողները: Այդպես է զարգացած հասարակությունների կանոնը: Մեզանում դա եղել է 88-ին: Մեզանում դա կար նույնիսկ 2003, 2004, 2008 թվականներին: Այն ժամանակ ես նույն պատմության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահն էի: Անկուսակցական: 2008-ի փետրվարի հայտնի նստացույցերի ժամանակ, երբ մեր ֆակուլտետի ուսանողներն ինձ հետ միասին միանում էին այդ նստացույցին՝ անշուշտ ոչ բոլորը, չկար մեկը, որ կարողանար մեր դեմ դուռ փակել: Ի՞նչ է նշանակում դուռ փակել: Կլյուչնի՞կ են: Ավելի հարմար աշխատանք կա այդ դեպքում: Բուհը գաղութ չէ: Բուհը, նախեւառաջ, ենթադրում է ազատ եւ ստեղծագործ մարդկանց հավաքատեղի, որոնց միավորում է կրթությունը: Նույն Ֆրանսիայում մի ամիս առաջ, երբ նախագահը որոշել էր կրճատել պետական ֆինանսավորումը, փողոց առաջին հերթին դուրս եկան ավագ դպրոցի աշակերտները: Դա խոսում է այն մասին, որ դեռահասն այդ տարիքից գիտակցում է, որ ինքը քաղաքացի է եւ պահանջատեր: Ձեւավորված անհատ է: Իսկ ովքե՞ր են ուսանում մեր բուհերում:  Հիմնականում Հանրապետականի ու Դաշնակցության համար ձայներ հավաքող ընտրակեղծարար դասատուների կրթած սերունդը, որոնք իրական պատուհաս են դարձել այս երկրի համար ու «անմոռուկային» հոգեբանությունից անդին տալու ոչինչ չունեն: Եթե անգամ շատ իջեցնենք շեմը, ապա կտեսնենք, որ նույն վիճակն է մանկապարտեզում: Այդ ուղիներն անցած ուսանողը շատ լուսավոր կետեր ու քաջություն պետք է ունենա, ինչու ոչ՝ նաեւ ընկալունակության լուրջ աստիճան, որպեսզի կոտրի իրեն հրամցված անառողջ կարծրատիպերը: 2004-ին իշխանությունը հասկացավ, որ այս երկրում, քիչ թե շատ, առողջ զանգված մնացել է բուհերում ու քայլ առ քայլ ուզուրպացրեց այդ ոլորտը: Այդ նույն կաստայական ու սոցիալական հիմնախնդիրները՝ ոհմակի համերաշխությունը, դրսեւորվում են նաեւ բուհերում, ուսանողների միջանձնային հարաբերություններում: Ինչ-որ մեկը ինչ-որ մի պապայի բալիկ է, ու դրանից ելնելով, եթե այսօր ունի փոքրիշատե բարեկեցիկ կյանք, այդ դիտանկյունից է պայմանավորում միջավայրի հետ իր հարաբերությունները: Եթե այս շարժումը լայն թափ հավաքի ու իրոք իր մեջ մեծ ներուժ կուտակի, ապա կազմակերպիչներին կամ մասնակիցներին կսպառնան հատկապես այդ խավերի ու ծպտյալ փոխդեկանների հավաքանու միջոցով:
- Ցուցարարների կողմից առաջ քաշված հիմնական փաստարկներից մեկը՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով, կարծես թե, պետության կողմից գիտության ստորադասումն է այլ ոլորտներին, մինչդեռ նախագծի հեղինակները կարեւորում են սոցիալական արդարության սկզբունքը: Որո՞նք են կողմերի իրական նպատակները եւ ի՞նչ է թաքնված այս հիմնավորումների հետեւում:
- Տարկետման իրավունքի այս ձեւաչափով վերացումն ընդամենը իրերի արտաքին շղարշն է: Իրականում սոցիալական արդարության մասին խոսք անգամ չի կարող լինել: Սողանցքներ, որոնց միջոցով ընտրյալների երեխաները կազատվեն, միշտ էլ կա ու կթողնեն: Տեսեք, ստացվել է այնպես, որ հանրային բարիքներից օգտվում է ՀՀ բնակչության տասը տոկոսը, որոնք հենց այդ ընտրյալների խավն են: Տրամաբանական է, որ չոր համամասնությամբ յուրաքանչյուր 10-րդ զոհ կամ յուրաքանչյուր 10-րդն ով կանգնած է սահմանին, լիներ այդ խավից: Չկա: Հայկական միջավայրում վերջին անգամ նման դեպք տեսնում ենք 1918 թվին՝ Հովհաննես Քաջազնունու որդիների պարագայում: Զավեշտալի է նաեւ այն հանգամանքը, որ այս նախագիծը կրծքով պաշտպանողներից ոչ մեկը չի ծառայել բանակում: Օգտվել է այդ նույն տարկետման իրավունքից, բայց այսօր գիտությամբ չի զբաղվում: Ստացվում է, որ շատ պարզ ասում են հետեւյալը, եթե գիտություն չկա, ուրեմն բոլորին տանում ենք: Իսկ ո՞վ է մեղավոր որ գիտություն չկա: Իհարկե՝ դուք, պարոնայք, որ 20 տարի իշխանության էիք: Այնպես անեիք, որ լիներ: «Ղասաբի» հոգեբանություն է: Փտախտ է, որը կարելի է բուժել, բայց քանի որ խելքն այդքան չի հասնում, որոշում է ոտքը կտրել: Այսօր թրենդային է դարձել ԿԳ նախարարին քննադատելով՝ ընդդիմադիր խաղալ: Ինձ զարմացրեց այն հանգամանքը, որ ուսանողները պահանջում էին հանդիպում հենց նրա հետ: Ի՞նչ կարող է որոշել այդ մարդը, որն ընդամենը դրածո է: Որեւէ կապ չունի ու չի կարող ազդել գործընթացների վրա: Կրթության ու գիտության ոլորտի այսօրվա խայտառակ դրսեւորումների համար թիվ մեկ պատասխանատուն նա է: Գոնե՝ օրենքով: Իրականում գիտենք, թե ովքեր են այդ պատասխանատուները: Մյուս կողմից՝ մարդը պետք է բացառիկ աներեսություն ունենա, որպեսզի ոլորտը երեք անգամ տապալելուց հետո չորրորդ անգամ ստանձնի այդ դերը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Չերչիլին ցույց տվեցին պետական ֆինանսավորման գումարները, նա հարցրեց՝ իսկ ո՞ւր է մշակույթին հատկացվող գումարը: Նրան կմկմալով պատասխանեցին, որ պատերազմ է: Չերչիլը շատ հստակ էր. «եթե մշակույթին փող չենք տալիս, էլ ինչի՞ համար ենք պատերազմում»:
Իրական նպատակը մեկն է: Երբ տապալվում ես բոլոր ոլորտներում, երբ միջազգայնորեն «իզգոյ» ես դառնում, երբ քեզ վերաբերվող հարցերում քո կարծիքը հարցնող չի լինում, հասարակությանը պետք է կերակրես ինչ-որ արժեքով: Լավագույն լուծում, քան հայրենասիրության դեմագոգիան, այստեղ չկա: Ստեղծում ես արտաքին թշնամի ու սկսում հասարակությանդ տանել այն ուղով, որով տանում են հիմա:
- Ի վերջո՝ ո՞ւր է տանում մեզ ՊՆ-ի կողմից առաջադրված գաղափարական հայեցակարգը (Ազգ-բանակ): Ներկայում եւ ապագայում ի՞նչ վտանգներ է այն իր մեջ պարունակում:
- Նախորդ պատասխանում, ես այս հարցին մասամբ պատասխանեցի: Բացեմ փակագծերը: Սերժ Սարգսյանը լիովին տապալել է Արցախյան հարցի որեւէ բարենպաստ լուծման տարբերակ: Նա չի էլ թաքցնում դա՝ ասելով, որ մեզ ցավոտ լուծումներ են սպասվում: Ազգ-բանակ ու նման այլ բարձրագոչ ծրագրերը դատապարտված են: Առաջ է գալիս միջնադարի մտածողությունը: Դառնանք բերդ, մեզ հարվածեն, ինչքան կարող ենք դիմադրենք: Սակայն դա լուծում չէ: Մարդու կյանքը դադարում է արժեք ունենալ: Սպարտայի ժամանակներից անցել է 2500 տարի: Եթե անգամ շատ ուզենք, Սպարտա չենք էլ կարող լինել: Սակայն այն, որ մեր իշխողների մոտ հին աշխարհի կամ միջնադարյան ռազմական ցեղերի մտածողությունն է, որեւէ կասկածի տեղիք չի տալիս: Ռազմական իրավիճակներում հուզականությունը հաղթում է բանականությանը: Ու դա ամենասարսափելին է: Մարդիկ ի զորու չեն լսել սթափ կարծիք: Ցանկացած սթափ կարծիք շատ հեշտ որակվում է որպես դավաճանություն եւ գամվում անարգանքի սյունին: Դրա համար շատ կեղտոտ ձեւով այսօր ամեն վայրկյան օգտագործում են Ապրիլյան քառօրյան: Ինչպես փոքրիկ երեխաներին են վախեցնում Մեշոկ պապիկի գոյությամբ, նույն կերպ մեր հասարակությանը՝ նոր քառօրյաներով: Ողբերգականն այն է, որ դրան հասարակությունը հավատում է: Սերունդների մեջ փոխանցվել են կարծրացած հանրային վախ ու չգիտակցված թշնամանքի հուզական պոռթկում: Այս ամենով մեզ տանում են դեպի խորքային ռազմականացում եւ շովինիզմ: Այսինքն՝ ի՞նչ են ասում, լուծում չենք կարող տալ կամ քաջություն չունենք, ուստի պետք է մեռնեք: Իսկ «քառօրյան» խորհուրդ կտամ չշահարկել: Մեկ անգամ չէ մամուլում հրապարակում եղել այն մասին, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարությունն իմացել է Ադրբեջանի հարձակման մասին: Դե թող հերքեին: Պետական դավաճանության խարանը ճակատներին՝ սթափ մտածողներին են դավաճան հռչակում: Իհարկե, հասկանում ենք, թե ով է իրականում կանգնած այդ ֆարսի հետեւում: Իհարկե, գիտենք, որ հենց հիմա Ռուսաստանը Ադրբեջանի հետ բանակցում է ԵԱՏՄ մտնելու հարցով ու այդ սեղանին դրված են շրջանները: Իսկ մեզ հարցնող չկա: Իսկ քանի որ Ռուսաստանին կանխել չեն կարողանում այդ նույն իշխանությունները, գնում են հասարակությանը մատաղ անելու ճանապարհով: Հետո, անտարակույս, արդարանալու տեղ կունենան: Ինչպես եղավ Սահակաշվիլու պարագայում: Նենգ ոսոխը եկավ ու գրավեց: Սգանք մեր կորուստները: Իսկ մենք ունեինք հնարավորություն այդ ամենից խուսափելու: Ցավոք, քաղաքական տհասությունը եւ այսրոպեական կարճամտությունը հաղթեցին սթափ մտքին, որի համար վճարում ենք հիմա: Այս ամենը շատ հեռու է գնալու, եթե այս պահին չկանխվի: Սահմանում յուրաքանչյուր զոհ, 50-100 ընտանիքի արտագաղթի պատճառ է: Ադրբեջանի հետ եկեք չհամեմատվենք: Նրանք կարող են մեկ օրում 100 զոհ տալ ու այդ մասին, մեծ հաշվով, հասարակությունը չիմանա:
Հ. Գ. Իսկ ինչու՞ Հայաստանում գիտություն չկա: Նախագահին առընթեր իշխանական ինչ-որ կազմակերպություն դրամաշնորհի մրցույթ է հայտարարում մոտավորապես հետեւյալ անվանակարգում. «Ինչպե՞ս ավելի լավ սգալ Ցեղասպանության օրը» մեթոդական ձեռնարկի հրապարակում:
Հարցազրույցը վարեց
Գեւորգ Ղահրամանյանը
Աղբյուրը՝ http://www.acnis.am/hy/interview/07-2017

Комментариев нет:

Отправить комментарий