четверг, 8 июня 2017 г.

Գալա Թվ. հարցազրույց

Ապրիլյան պատերազմը խեղաթյուրված է հայոց պատմության դասագրքերում

Ապրիլյան պատերազմը ներառվել է ավագ դպրոցի հայոց պատմության դասագրքերում՝ խեղաթյուրված տարբերակով:


Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք է հայտնում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պատմության մասնագետ Վահրամ Թոքմաջյանը: Ըստ Թոքմաջյանի՝ այդ դեպքերը նկարագրված են իրականության հետ կապ չունեցող աղերսներով, և հիմնականում դասագրքում Ս. Սարգսյանին ներկայացվում է որպես հերոսապատման հերոսի:
«Միայն մի տող էր պակասում, որ գրեին, ասենք, մեր խիզախ նախագահը հեծավ Քուռկիկ Ջալալին ու սլացավ Բաքու: Որևէ խոսք չկա արդեն ապացուցված և իշխանությունների կողմից այլևս չժխտվող տարածքների կորստի մասին»:
ԳԱԼԱ-ի հարցազրույցը Վահրամ Թոքմաջյանի հետ ներկայացնում ենք ամբողջությամբ.
-Պարոն Թոքմաջյան, 2016թ.-ին հրապարակված հայոց պատմության դասագրքում արդյոք ներառված է 2016թ.-ի ապրիլյան պատերազմը: Եթե այո, ապա ինչպե՞ս են ներառել և ո՞րերորդ դասարանի պատմության դասագրքերում է:
-Այո, ներառված է: Անցյալ տարվա ապրիլյան դեպքերը ներառված են 12-րդ դասարանի դասագրքում: Ինչպես լինում է միշտ, երբ դեռ հուզականությունն իր տեղը չի զիջել բանականությանը, այդ դեպքերը նկարագրված են, գոնե իմ կարծիքով, իրականության հետ կապ չունեցող աղերսներով:
- Պարոն Թոքմաջյան, ՀՀ իշխանությունները մշտապես բոլոր հնարավոր տարբերակներով կեղծում են իրականությունը, նաև պատմական փաստերը, ինչպես եղավ 2008թ.-ի Մարտի մեկը դասագրքերում ընդգրկելու ժամանակ: Մենք տեսանք, թե ինչպես էր մեր տեսած պատմությունը խեղաթյուրված: Այս դեպքում հատկապես ի՞նչն է սխալ ներկայացվում, ի՞նչ իրադարձություններ ու փաստեր են խեղաթյուրված:
-Նախ, Սերժ Սարգսյանը ներկայացվում է հերոսապատման հերոս: Միայն մի տող էր պակասում, որ գրեին, ասենք, մեր խիզախ նախագահը հեծավ Քուռկիկ Ջալալին ու սլացավ Բաքու: Որևէ խոսք չկա արդեն ապացուցված և իշխանությունների կողմից այլևս չժխտվող տարածքների կորստի մասին: Հեղինակների մոտ գերակշռում է «դաշնակցական» մառազմը, նրանք դավադրությունների տեսությունների սիրահարների նման խեղաթյուրում են իսկությունը: Կարդացողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ ապրիլին մենք ռազմական գործողություններ ենք ծավալել երկու ճակատով՝ ադրբեջանական ու թուրքական: Իսկ իրականում գիտենք՝ ինչ է տեղի ունեցել: Որևէ տողով արտացոլված չէ մեր անհաջողությունների պատճառը: Վայ-հայրենասերի դիրքերից նրանք մոտավոր նույն նկարագիրն են տալիս, ինչ գրում են Երկրորդ աշխարհամարտի մասին: Շատ բան կարելի է ասել, բայց բավարարվենք այսքանով:
-Պարոն Թոքմաջյան, ովքե՞ր են հեղինակները, Դուք առիթ ունեցե՞լ եք հանդիպելու կամ նրանց հետ զրուցելու: Ի՞նչ նպատակ ունեն իշխանությունները դեպքերը փոխված ներկայացնելու:
-Հեղինակները ոլորտում հայտնի և նաև վարչական պաշտոն զբաղեցնող մարդիկ են: Ես վերջին անգամ նրանցից մեկի հետ հանդիպել եմ երկու տարի առաջ, երբ դեռ չկար ապրիլյան պատերազմը, բայց ունեինք բազմաթիվ առարկություններ դասագրքերի նկատմամբ: Մենք միասին մի եթերում էինք, որտեղ փառաբանում էին մայիսի 28-ը: Իրականում, այդ օրը որևէ հանրապետություն չի հռչակվել: Եթերից հետո ինձ ամենաբարձր մակարդակով խոստացան ներառել դասագրքերի ստեղծման աշխատանքների մեջ, հիմա արդեն չեմ հիշում, կարծեմ որպես փորձագետ, ու լսել իմ առարկությունները: Բայց այդ ամենն, իհարկե, տեղի չունեցավ: Դասագիրք գրողներն իշխանության սպասարկողներն են: Պատմությունը լավագույն գաղափարական զենքերից մեկն է, ու նրանք դա հլու-հնազանդ ծառայեցնում են իշխող վարչակարգին: Իմ կարծիքով՝ նա, ով դասարանում դաս չի անում և ունի վարչական պաշտոն, իրավունք չունի դասագիրք գրելու:
-Հիմա 12-րդ դասարանի աշակերտները փաստորեն նաև ականատես են, նրանցից շատերը նույնիսկ հարազատներ են ունեցել, ովքեր մեկնել են պատերազմ 2016-ին, կամ բանակում ծառայող հարազատներ են ունեցել, ի՞նչ են հարցնում աշակերտները Ձեզ որպես մանկավարժի: Զարմացա՞ծ են արդյոք որոշ փաստերի խեղաթյուրումից:
-Իհարկե զարմացած են: Նրանք այդ տարիքում բավականին հասուն են: Նրանց հիշողությունն իր գագաթնակետին է: Մենք անգամ կարող է որոշ բաներ մոռանանք, բայց նրանք ամեն ինչ հիշում են: Ժամանակակից մեդիայի պարագայում շատ տեղեկություններ հասանելի է: Դրա համար մենք նման թեմաներին վերաբերվում ենք շատ զգուշավոր և համակողմանի:



Քրիստինա Մկրտչյան

Комментариев нет:

Отправить комментарий