воскресенье, 28 января 2018 г.

Հունիսյան ազգագրական միջազգային բաց ճամբար. նախագիծ

Հունիսյան ազգագրական միջազգային բաց ճամբարը շարունակությունն է 2017 թվականին կազմակերպված ճամբարի: Այն ամրագրված է Կրթահամալիրի ուսումնական օրացույցում և կարգավորվում է ըստ Օրացույցի: Ստորև ներկայացվում է ճամբարի ընդհանուր նկարագիրը և կազմակերպման հնարավոր փուլերը:


Ընդհանուր նկարագիր

Ճամբարի հիմնական նպատակն է ազգագրությունը դարձնել իրական կրթական և կիրառելի հմտությունների համալիր: Մեզանում, ինչպես պատմությունը, այնպես էլ՝ ազգագրությունը, ընկալվում են, որպես արդեն գոյություն ունեցած և որոշակի ժամանակաշրջանում մնացած իրողություններ: Սակայն արդի ազգաբանությունը, որն ավելի շատ հայտնի է սոցիալ-մշակութային մարդաբանություն, լիովին այլ դիտանկյունից է նայում ավանդույթին, կենցաղին, մարդկային հարաբերություններին, քաղաքի և գյուղի միջավայրերին: Դրանք գոյություն ունեցող, կիրառելի, որոշ դեպքերում՝ վերապրուքային ժառանգություն են: Այլ մշակույթների մասնակիցներ ներառելը հնարավորություն է տալիս համադրելու, զուգադրելու, ճանաչողության նոր հիմքեր ձեռք բերելու և հնարավոր հորիզոններ ընդլայնելու շահառու մասնակիցների համար:

Հիմնական փուլեր

Ճամբարի ծրագրի մշակում, հրապարակում և հաստատում:

Մասնակիցների հնարավոր խմբերի կազմում, հայտերի ընդունում:

Ուսումնասիրությունների, հետազոտական աշխատանքների կատարում:

Առկա նյութի հետ ծանոթացում, հրապարակումներ:

Երթուղու կազմում և մշակում:

Դաշտային պայմաններում կեցության դասընթացների կազմակերպում և կիրառելի հմտությունների փոխանցում:

Հիմնական բովանդակություն. նկարագիր

Ճամբարի մասին տեղեկությունները տարածվում են համացանցով, ուղարկվում են տեղական և միջազգային գործընկեր կազմակերպություններին: Յուրաքանչյուր կազմակերպություն, որը ցանկություն է հայտնում մասնակցել ճամբարին, կազմակերպիչների հետ հստակեցնում է իր անելիքները, մասնակցության ձևաչափը: Ընդունված հայտերը քննարկվում են, խմբավորվում, կազմվում է մասնակիցների վերջնական ցանկը:

Հաջորդ փուլում, կրթահամալիրի համապատասխան մասնագետները (հասարակագետներ, պատմաբաններ, բնագետներ, աշխարհագրության դասավանդողներ, կարի և մոդելավորման արհեստանոցի աշխատակիցներ, լեզվի մասնագետներ, մարզիկներ և այլք), տարբեր նախագծերի և ենթանախագծերի շրջանակներում, սովորողների խմբերի հետ, իրականացնում են հետազոտական-տեղեկատվական աշխատանքներ, որոնք վերաբերվում են ազգագրական ճամբարի երթուղու մեջ մտնող տարածքներին, այդ տարածքներում ներառված ՊԱՇ-երին, պատմությանը, աշխարհագրակությանը, բնական և կենդանական միջավայրին, սովորույթներին, ավանդույթներին, ծիսակարգին, բանահյուսությանը, բարբառին, խոհանոցին և այլն: Կարի և մոդելավորման լաբորատորիայի աշխատակիցները, ունենալով համապատասխան մասնագետների աջակցությունը, վերականգնում ու մոդելավորում են ներառվող տարածքների տարազային համալիրների բաղադրիչները: Ազգային տարազ ասելով, մենք սովորաբար հասկանում ենք բազմագույն և մեկ, լավագույն դեպքում՝ մի քանի տեսակի հագուստ: Իրականում, յուրաքանչյուր ազգագրական շրջան, ունի իրեն բնորոշ տարազային համալիրը՝ գույներով, ձևերով, տեսակներով: 

Կատարվող աշխատանքները, տեղեկատվական նյութերը, տեսադասերը, սովորողների և դասավանդողների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվում են դպրոցների կայքերում, մասնակիցների բլոգներում: 

Կրթահամալիրի մարզիկները և առողջագիտության մասնագետները, համագործակցելով համապատասխան կազմակերպությունների հետ, կազմակերպում են դասընթացներ, որոնք կիրառելի հմտություններ են փոխանցում մասնակիցներին՝ դաշտային պայմաններում կիրառելու համար:

Ճամբարի բովանդակության մեջ կարող են ներառվել.

Ազգագրություն. քաղաքի և գյուղի:

Բանահյուսություն:

Հուշարձանագիտություն:

Աշխարհագրություն:

Հայրենագիտություն:

Ճարտարապետություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճամբարը տևում է մի քանի օր՝ գիշերակացով, ապա շատ կարևոր է, որպեսզի ճամբարի ընթացքում, իրականացվեն այլ նախագծեր ևս՝ բնապահպանական, ճանաչողական, ազգային երգ ու պար, ազգային խաղեր, ծիսակարգի բաղադրիչներ, բանահավաքչություն և այլն:

Անհրաժեշտ պարագաներ

Մասնակիցն ունի.

Ուսապարկ, քնապարկ, համապատասխան հագուստ, լապտեր, անհրաժեշտ հիգենայի պարագաներ, փոքրիկ դեղաման, դաշտային ու լեռնային պայմաններում կիրառելի մարզական և ոչ մարզական կոշիկներ, լողազգեստ, սրբիչներ:

Ընդհանուր ճամբարային պարագաներ

Վրաններ, գազօջախներ, դաշտային հարմարավետ ու շարժունակ խոհանոց, դաշտային սպասք, հավաքովի զուգարաններ, առաջին բուժ. օգնության արկղեր, աղբի մեծ տոպրակներ:

Սնունդ

Սննդի վերաբերյալ խնդիրները կարգավորվում են մասնակիցների հստակ թիվ ունենալուց հետո: Սննդակարգը և չափաբաժինները ներկայացնում են առողջագետները:

Ծանոթություն

Նախագծի հաստատումից հետո, կներկայացվի ճամբարի ծրագիր-նկարագիրն ըստ օրերի և երթուղին:








Комментариев нет:

Отправить комментарий