Անցել են օրեր ՀՀԿ վերջին համագումարից, սակայն մամուլում և լրատվամիջոցներում չեն դադարում դրա վերաբերյալ քննարկումները։ Քննարկումներ կան, զի այդ համագումարում բարձրացվեցին բազմաթիվ անկյունաքարային խնդիրներ, որոնց պատասխաններին հասարակությունը սպասում էր։
Իհարկե, դրանց մեծ մասը պատասխաններ չունեցան, ինչպես և ակնկալվում էր։ Սակայն մեզ, այս համագումարից առավել հետաքրքրական է գաղափարական մասը, որն ընկած է նաև իշխող կուսակցության այսպես ասված գաղափարաբանության հիմքում։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ի թիվս այլ հարցերի, իր ելույթում խոսեց նաև եվրոպական քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունների ընտանիքին մաս կազմելու, նժդեհականության և այլ հարցերի շուրջ։ Կուսակցության փոխված Կանոնադրության մեջ ևս կային մի քանի հոգևոր եզրույթներ, որոնց հարկ է անդրադառնալ։
Նախ սկսենք Նժդեհից ու նժդեհականությունից։ Որպես այդպիսին, նժդեհականություն եզրույթ գոյություն չունի։ Դա հորինվել է մեր օրերում, ինչ-ինչ հիմնավորումներ տալու համար։ Անկախ Նժդեհի քաղաքական, գաղափական և պետական կերպարից, կարծում եմ, որ Նժդեհն ինքն ամենաշատը կզարմանար, եթե տեսներ, թե այսօր ովքեր են խոսում իր գործի մասին, կամ ինչ մեկնություն են տալիս իր մտքերին՝ երբեմն հասնելով մառազմային իրականության վիճակին։
Այս ամենը մի կողմ թողնելով անգամ, պետք է փաստենք, որ Նժդեհը ոչ քրիստոնյա էր, առավել ևս, ոչ էլ դեմոկրատ։ Այստեղ չենք փորձի ընդհանրապես աղերսեն գտնել ՀՀԿ-ի ու դեմոկրատիա միջև, զի դա կարող է դիտարկվել որպես Սիզիփոսյան աշխատանք։ Նժդեհը դեմոկրատ չէր, այլ Լեռնահայաստանում ամբողջատիրական վարչակարգի կրողն էր։ Այստեղ խնդիր դրված չէ, ասել դա վատ է, թե լավ։ Օրվա հրամայականը պահանջում էր դա, և նա վարվում էր ելնելով այդ հրամայականից։
Ինչ մնում է Նժդեհի քրիստոնյա լինել-չլինելու հարցին, ապա նա իր ուսմունքը հռչակել էր Ցեղակրոնությունը ՝ դրանից բխող բոլոր հատկանիշներով։ Նժդեհն իր այս ուսմունքի վերաբերյալ տեսակետներն արտահայտել է «Ամերիկահայությունը. ցեղը և իր տականքը» գրքում, որտեղ նա բերել է 27 կետ, որոնք վերաբերվում են Ցեղակրոնությանը։ Դրանցից մեկում փաստացի գրված է. «Ես ցեղակրոն եմ - և ահա երդվում եմ Վահագնի աջի վրա երբեք չմեղանչել ուխտիս դեմ - ապրել, գործել և մեռնել, որպես ցեղամարդ»։ Այսինքն, նա հստակ նշում է, որ իր համար երդման հիմք է, ասել կուզե սուրբ է Վահագնի աջը։ Վահագնը հեթանոսական աստված է և ամբողջությամբ հանդես է գալիս ի հակակշիռ քրիստոնեությանը։ Նախ նա հեթանոսական աստված է, որն արդեն բավարար է, սակայն ի լրումն սրա, նաև ռազմի աստված։ Իսկ ինչպես հայտնի է՝ քրիստոնեությունը կտրուկ մերժում է վերջին հանգամանքը։ Ընդհանրապես, ժամանակն է, որ մենք ավելի ռացիոնալ դաշտում Նժդեհի գործն ուսումնասիրելու հարցում։
Հայկական իրականության մեջ, այսօր չկա որևէ մասնագետ, ով ուսումնասիրել է այդ գործչի ամբողջ գործունեությունը և հսկայական ժառանգությունը։ Ուստի կարիք չկա նաև դիլետանտ դատողություններ անել նրա անձի և գործի շուրջ ու դնել մի գաղափարախոսության հիմքում, որը բացարձակ կապ չունի Նժդեհի հետ։ Հասկանալի է, որ հասարակական ընկալումներում, Նժդեհը հերոս է, սակայն օգտագործել նրան նեղ քաղաքական նպատակներով, բավականին անթույլատրելի է։ Հաշվի պետք է առնել նաև այն հանգամանքը, որ սրանով հերթական անգամ կեղծվում է իրականությունը։
Վահրամ Թոքմաջյան
աղբյուրը ` past.am
Комментариев нет:
Отправить комментарий