Ոչինչ չասող ՀՀԿ համագումարը, համատարած հանրապետականացումը, մամուլում քննարկվող ամենագլխավոր թեմաներից են: Ոմանք կարծում են, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ն ուժեղացնում է իր դիրքերը:
Վերլուծաբաններին եւ քաղաքագետներին մտահոգված են. ասում են` փոխանակ իշխանությունները զբաղվեն մեր բնակչության կենսամակարդակի բարելավմամբ ամեն ինչ անում են իրավիճակն էլ ավելի բարդացնելու համար:
Հակառակ այս ամենին վերջերս կայացած ՀՀԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանն հայտարարեց, որ մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակն աճել է: Տպավորությունն այնպիսին է, որ մեր իշխանությունները կամ լրիվ կտրված են իրականությունից կամ իրենց համար իրականության օբյեկտիվ գնահատումը ձեռնտու չէ:
Իրավիճակը բարդանում է նաեւ այն առումով, որ մեր երկրի բնակչությունը եւս չի ցանկանում որեւէ բան փոխել: Համենայն դեպս իշխանությունների դեմ հրապարակային պայքար չենք տեսնում, իսկ իշխանավորներին քծնողների պակաս էլ չունենք:
Այս առումով փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«2018 թվականին ընդառաջ սաստկանալու է Սերժ Սարգսյանին քծնելն ու շողոքորթելը, մի զարմացեք։ Եթե նախկինում նրա իշխանությունը որպես նախագահ ամրագրված ու ապահովված էր սահմանադրությամբ, ապա նոր սահմանադրության պայմաններում այն ամրագրվելու ու ապահովվելու է հավատարմության երդումների ու գովասանքի անվերջ շարանով»։
Ահա թե ինչպես է բնորոշում պատմաբան Վահրամ Թոքմաջյանը վերջին օրերին տեղի ունեցած հանրապետականացումը:
-Սա բնորոշ է հետխորհրդային տարածքի բոլոր այն երկրներին, որտեղ դեռեւս իր խոր արմատներն ու քաղաքական ազդեցությունն ունի Ռուսաստանը։ Այսինքն` աշխատում է պոստսովետիզմի սկզբունքը։ Նման իրավիճակը բնորոշ է բոլոր տոտալիտար ՝ ամբողջատիրական համակարգերին։ Իսկ Հայաստանն այսօր այդպիսին է:
«Ասպարեզ»-ի հետ զրույցում պատմաբանը նշում է, որ ՀՀԿ-ն այսօր որեւէ գաղափարախոսություն չունի։ «Նժդեհականությունը կամ նման եզրույթները ֆիկցիա են։ Նժդեհը շատ կզարմանար, եթե այսօր կարդար այն բոլոր մտքերն ու իրողությունները, որոնք իրեն են վերագրում, կամ ինչպես են խեղաթյուրում։ Նրանք ունեն մեկ գաղափարախոսություն՝ դա օրվա կերակրատաշտն է։ Ես արդեն խոսեցի հետխորհրդային հիշողության եւ ԽՍՀՄ կուսակցական համակարգին բնորոշ տոտալիտարիզմի մասին։ Գենսեկի պաշտոնը դառնում է ցմահ, ինչպես դա լինում էր ԽՍՀՄ տարիներին։ Կամ փոխվում էր ներքին կուսակցական հեղաշրջման միջոցով, ինչպես դա եղավ Խրուշչյովի պարագայում, կամ դա լինում էր Գենսեկի մահից հետո։ Ցավոք, ՀՀ ողբերգությունն այն է, որ մենք չունենք ուժեղ ընդդիմություն։ Դա է բոլոր դիկտատորական համակարգերի ողբերգությունը, երբ չկա հակակշիռների մեխանիզմ։ Սպասեք ավելի վատթարագույնին»։
աղբյուրը` asparez.am
Комментариев нет:
Отправить комментарий