пятница, 2 февраля 2018 г.

Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է


 Վերտառությունը «գողացել» եմ Վանոյից: Բայց եթե հանդարտ ընթացք լիներ... Բայց չենք ուզում այդ հանդարտ ընթացքը: Ավելի շուտ մենք ուզում ենք, չուզողներն են շատ:
Եթե կախարդական փայտիկ ունենայի, ապա հանդարտ ընթացք կունենայինք: Մի հարվածով կլուծեի մեր ու մեր հարևանների կոկորդին կանգնած հարցը: Մշակը կգնար իր գործին, գիտնականը գիտությամբ կզբաղվեր, պատերազմ չտեսածները կամ տեսած ու չհասկացածներն էլ խումհար աչքերով որդի չէին ուզի՝ սահման ուղարկելու համար: Վաղուց չեմ գրել պատում-լուսաբանում: Թերևս, դժվար ստացվի ու չգիտեմ, թե որտեղ կկանգնեմ: Դրա համար մի քիչ Վանո կարդացի: Վանոն երբեք չի հնանա ու միշտ դիպուկ է գրում: Հետաքրքիր է, տեսնու՞մ է մեզ, միայն իրեն բնորոշ ցինիզմով ու ամբոխի անգիտակից ցասումից  չվախեցող համառությամբ ի՞նչ բնութագրում կտար մեր օրերի թամաշային:

Սույն տողերիս առիթը՝  ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի այցն էր կրթահամալիր: Ներկայացնում էին «Ես եմ»  և «Պատիվ ունեմ»  ծրագրերը: Մանրամասների մեջ չխորանամ: Սովորողները կպատմեն: Վատին ու լավին էլ չանդրադառնանք: Ակնհայտ է, որ մի բան պետք է անել, քանի դեռ ես կախարդական փայտիկ չունեմ: Եթե խոսեմ ծրագրերի բացասական ու դրական կողմերի մասին, ապա կստացվի պատմաքաղաքագիտական ու հասարակագիտական տրակտատի խառնուրդ: Չեմ ուզում: Դա ծանրաբեռնում է մարդկանց:

ԼԽեչոյանը մի հետաքրքիր միտք է արտահայտում, բառացի չեմ հիշում, տրամաբանությունը հետևյալն է՝ զինվորը, քանի դեռ ոտքի վրա է, հող է ուզում, հենց վիրավորվեց, կյանք է աղերսում: Նրան գալիս է լրացնելու Բիսմարկը, ով պնդում է, թե մահացող զինվորի աչքերի մեջ նայողը երբեք պատերազմ չի ուզի:

Մի տեսակ շատ են մեզանում Արցախյան պատերազմի մասնակիցները:  Յուրաքանչյուր երրորդը ակտիվ մասնակցել է, մյուս մեկ երրորդը՝ թիկունքից զենք մատակարարել, բայց զարմանում ես՝ այդ դեպքում  ինչու՞  էինք կռվում հրացաններով ու պարսատիկներով: Ու, եթե այդքան շատ էին կռվողները, Վազգենի ինչի՞ն  էին պետք մահապարտները: Երևի ամենաշատը այն վերջին՝ խաղաղություն տենչող ու դրա համար գործող, բայց համեստորեն լռող մեկ երրորդներն են

Ուրախ բան կար այս հանդիպման մեջ: Ուրախացնելու առիթ տվեց: Տեսանք կիրթ ու բանիմաց գեներալ, նրա շուրջ հավաքված գրագետ սպաներ: Լավ կլիներ, որ նման կիրթ մարդիկ ավելի շատ շփվեին հասարակության հետ: Կոտրեին գեներալ հասկացության հանդեպ ձևավորված ասոցատիվ պատը: Ամեն դեպքում, «ազգ-բանակ»  էին սպարտացիները: Նրանք հիմա չկան: «Ազգ-բանակ»-ի այլընտրանքը  «քաղաքացի-պետություն»-ն է: Ես մի պաշտամունք ունեմ, դա պետության պաշտամունքն է, մնացածն ինձ համար հավաքական հիշողության անառողջ դրսևորումներն են: Մեծերից փոխանցված ու երբեք չհաջողած մոլորություններ: Մեր շրջանավարտ Սյունե Սևադան լավ է ասում. «Իսկ մեծերը ճիշտ երևալու զզվելի բնավորություն ունեն՝ հատկապես  ծայրաստիճան սխալ լինելու ժամանակ»:

Յուրաքանչյուր նախորդ սերունդ իր բացթողումները, ձախողումներն ու անհաջողությունները դնում է հաջորդի վրա՝ տալով «հայրենի հող», «պահանջատիրություն», «ազգափրկություն»  ու այլ բարձրագոչ անուններ: Շնորհակալ ենք: Մեր խնդիրներն էլ  մեզ բավարար են:

Հ. Գ.
Ամեն դեպքում, ինձ կախարդական փայտիկ պետք է, իսկ Վանոյին արդեն լեհերեն են թարգմանել:

Комментариев нет:

Отправить комментарий