четверг, 6 октября 2016 г.

«Հասարակությունն ավելի շատ ուզում է մարդ, ով կարող է «լեզու» գտնել իշխանությունների հետ»

- Կարելի է ասել` հանրապետականի հիմքերը որոշ առումներով սասանվեցին: Օրինակ` Գյումրիում, եթե իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ն կամ նախկին ՕԵԿ-ն իրականում գործեն այդ դաշտում, ապա քաղաքապետի համար շատ բարդ է լինելու
,-անդրադառնալով Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներին` նշում է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:
Պատմաբանի համոզմամբ` այստեղ խնդիրն իշխանության հաջողությունները չեն, խնդիրը դրսի վերահսկողության անհնարինությունն է, եւ ընտրակաշառքների կամ կրկնաքվեարկության կանխումը:
«Բերեմ պարզ թվեր զուտ Գյումրու մակարդակով: Գրանցված էր 125 000 ընտրող, դրան գումարում ենք մեկ երրորդը, անչափահասների թիվը, ու ստացվում է ի՞նչ, Գյումրին ունի 187000-ից ավել բնակիչ: Դա, իհարկե, ծիծաղելի է: Անգամ պաշտոնյաներն են պնդում, որ քաղաքում 120.000 մարդ է ապրում, ոչ թե ընտրող: Իմ համեստ հաշվարկներով, այսօր Գյումրիում ապրում է մոտ 80.000 մարդ, որից ընտրական իրավունք ունի 45-50 000-ը: Ընտրության մասնակիցների թիվն այս պարագայում չի կարող լինել 25 000-ից ավել: Այն վիճակագրությունը, ինչ ներկայացնում է իշխանությունը, աբսուրդ է: Ստացվում է ավել մոտ 15.000 քվե, մոտավորապես այնքան, որքան ստացավ հաղթող ուժը: Բայց ես չեմ ասում, թե այդ ուժը ուներ զրո քվե: Ոչ, այդ 15.000-ը ապահովել են առաջին երեք տեղը զբաղեցրած կուսակցությունները` յուրաքանչյուրը` այն տեղամասում, որտեղ ուժեղ էր»:
Պատմաբանն այն կարծիքին է, որ այս կարգի ընտրություններում աշխատում է կլանային համակարգը: Հասարակությունն ավելի շատ ուզում է մարդ, ով կարող է «լեզու» գտնել իշխանությունների հետ:
Հարցին, թե ինչու՞ ընդդիմադիր որոշ ուժեր Գյումրիում չհաղթահարեցին անցողիկ շեմը, Թոքմաջյանը պատասխանում է.
-Ինչ մնում է Գյումրու դեպքին, ապա այստեղ ներկայացված ընդդիմադիրներից եւ ոչ մեկը չուներ ռեսուրս ու կլան: Հետեւաբար, ի սկզբանե դատապարտված էր, իսկ նրանց կուսակցական առաջին դեմքերը, որոնք Երեւանից են, որքան էլ ուզում է հարգանք ու սեր վայելեն տարբեր շերտերի կողմից, ի սկզբանե չեն տեղավորվում լոկալ մտածողության մեջ:

asparez.am

Հարցազրույցը վարեց ` Անահիտ Սիմոնյանը:

Комментариев нет:

Отправить комментарий