суббота, 22 октября 2016 г.

Այդ անիծյալ պատմությունը

Վերջին մի քանի օրերին Ռուսաստանը երկու բարձր դեմքերի մակարդակով, նախ՝ Լավրովի, ապա՝ Զախարովայի շուրթերով խոսեց Թուրքիայի դերի մասին: Եթե դա պայմանավորված լիներ միայն ռուս-թուրքական վերջին մերձեցման ֆոնով, ապա դա բավականին նորմալ կդիտարկվեր: Հետո շատ տրամաբանական կլիներ, եթե մենք որևէ կերպ չարձագանքեինք երրորդ երկրների միջպետական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին: Սակայն խնդիրն այն է, որ այս երկու պետությունները` Թուրքիան և Ռուսաստանը, ունեն շահեր մի տարածաշրջանում, որտեղ գտնվում է նաև Հայաստանը: Եվ նրանց մերձեցումը ամենատարբեր ասպեկտներում չի կարող չվերաբերել Հայաստանին:
 
Անշուշտ, մենք կարող էինք բոլորովին այլ դիրքերից գնահատել ու մասնակցել այդ հարաբերությունների զարգացմանը, եթե նորմալ արտաքին քաղաքականություն ունենայինք, իսկ արտաքին քաղաքական կուրսի հիմքում դրված չլիներ դաշնակցական սահմանափակ մտածողության պատային իրավիճակները: Բայց մենք այդ ամենը չունենք, ուստի պետք է անդրադառնանաք այն իրականությունից ելնելով, ինչ ունենք հիմա:
 
Ռուսաստանի հայտարարությունները հետաքրքրական էին հատկապես այն ասպեկտում, երբ խնդիրն առնչվում է Արցախյան հիմնահարցին, այսինքն՝ տարածաշրջանային գործընթացներում Թուրքիայի ակտիվացում ասելով ռուսական կողմը հասկանում է նաև այդ պետության ներառումը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում: Սա առնվազն աբսուրդ է մի քանի կետերից ելնելով, որոնց կանդրադառնանք ստորև: Բնական կլիներ, եթե մեր ԱԳՆ-ն գոնե հայտարարության մակարդակով անդրադառնար այդ հարցին, բայց, ինչպես ասում են, հանգուցյալի հետևից կամ լավն են ասում կամ ոչինչ: Իսկ ինչո՞ւ գոնե այս փուլում Թուրքիան չպետք է մասնակցի այդ գործընթացին:
 
Նախ՝ փաստենք, որ Ռուսաստանի մասնակցությունը որպես միջնորդ կամ հաշտարար, արդեն իսկ միջազգային մի շարք նորմերի խախտում է: Այդ պետությունն ունի սահմաններ համակարտության կողմերից մեկի՝ Ադրբեջանի հետ, և, անկախ հայտարարություններից, շահագրգիռ կողմ է: Մեկ այլ, Հայաստանի հետ սահմաններ և խնդիր ունեցող պետությանը ներառել այս գործընթացում, զուտ իրավական տեսանկյունից ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ նորմերի կրկնակի խախտում: Թուրքիան, հաշվի առնելով փակ սահմանները և Ցեղասպանության խնդիրը, աշխարհում ղեկավարում է հակահայկական լոբբինգը: Այս տեսանկյունից, ամենալուսավոր երազում անգամ դժվար է պատկերացնել, որ այդ երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուները կարող են չեզոքություն դրսևորել մեկ այլ զգացմունքային հարցում:
 
Մեկ անգամ չէ, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են ադրբերջանական ղեկավարությանը անվերապահորեն աջակցելու մասին: Ավելին ̀ այդ հայտարարությունները միշտ կրել են շեշտված հակահայկական բնույթ, երբեմն՝ սպառնալիքներով լեցուն, որոնք վերաբերել են Արցախի տարածքները ազատելուն: Այս հիմնավոր փաստարկներից հետո, թերևս տարակուսել կարելի է, թե մեր ռազմավարական դաշնակիցն ինչպես է կարողանում նման «կոպտագույն վրիպում թույլ տալ»: Պարզից էլ պարզ է, որ բանակցող կողմերից մյուսները ̀ Եվրոպան, ի դեմս Ֆրանսիայի, ԱՄՆ-ն և ի վերջո, երևի նաև Հայաստանը, թույլ չեն Թուրքիայի ակտիվ ներգրավումը այս գործընթացին:
 
Ուստի, պետք է միայն ենթադրել, որ ռուսական այս հայտարարությունները ներքին ինչ-որ տարակարծությունների արդյունք են, որոնք առաջ են եկել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:
 
Հիշելով թուրքերին՝ ռուսները պարզապես թուր են ճոճում մեր գլխին: Թե ինչ հակասություններ են, այս պահին հստակ չենք կարող խոսել: Դրա պատասխանը թերևս ժամանակը կտա: Բայց մեկ այլ հանգամանքի մասին արդեն անցյալ ժամանակով կարող ենք խոսել, որի իրավունքը տալիս է մեզ պատմությունը: Թուրք-ռուսական ցանկացած մերձեցում և ռուսների կողմից թուրքական գործոնի օգտագործումն անդառնալի կորուստներ է պարգևում Հայաստանին և հայերին:
 
Կհաջողվի՞ խուսափել այս անգամ, դժվար է ենթադրել, հատկապես նման դիվանագիտություն ունենալու պարագայում:
 
Վահրամ Թոքմաջյան
 
 Past.am վերլուծաբան

Комментариев нет:

Отправить комментарий