Ս.Սարգսյանի եղբորը «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու համար ստորագրահավաքը շարունակվում է
Սեբաստացի կրթահամալիրի դասավանդող, պատմաբան Վահրամ Թոքմաջյանն «Ասպարեզի» հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբորը` Լեւոն Սարգսյանին, Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն, ասում է, որ իր համար անհասկանալի է, թե ինչ ասել է Գյումրու կամ, առհասարակ, որեւէ քաղաքի պատվավոր քաղաքացի հասկացությունը:
-Ս.Սարգսյանի եղբոր պարագայում ես չգիտեմ որեւէ գործունեություն, որը նա ծավալել է ի շահ Գյումրի քաղաքի զարգացման կամ որոշակի խնդիրներ լուծելու: Ընդհակառակը, որքան գիտեմ, Գյումրու բյուջեի սուղ միջոցներից ինչ-որ հատկացումներ են եղել Լ.Սարգսյանի ղեկավարած հիմնադրամին՝ անհասկանալի մշակութային ծրագրերի համար: Այս առումով իմ վերաբերմունքը բացասական է: Նման մարդիկ իշխող վարչակարգի ներսում գտնվող գործիչներ են: Սա ինձ հիշեցնում է Կենտրոնական Ամերիկայի կամ Խորհրդային ժամանակաշրջանում ինչ-որ գործիչների պարգեւներ կամ մեդալներ շնորհելը, երբ, ասենք, Նիկիտա Սերգեեւիչ Խրուշչովն ամեն տարի իրեն շնորհում էր սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, վերջում էլ չդիմացավ եւ ինքն իրեն շնորհեց ԽՍՀՄ հերոսի կոչում,-նշում է պատմաբանը:
Իսկ արդյո՞ք այս հարցում Գյումրու ավագանու անդամների մեծամասնությունն ունի շահ.
-Շատ դեպքերում ավագանին, ինչպես նաեւ ԱԺ մեծամասնությունը քվեարկում է, որովհետեւ նախագիծը բերված է, ուստի պետք է քվեարկվի: Ձեր կարծիքով ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում մեր «վաստակաշատ» պատգամավորների մի զգալի մասն հասկանու՞մ էր, թե ինչի համար էր քվեարկում կամ հարկային նոր օրենսգրքի փաթեթի վերաբերյալ: Ես խորապես կասկածում եմ: Երբ համակարգն աշխատում է անդեմ զանգվածի հետ, որին դիտարկում է իբրեւ հլու-հնազանդ ծառա, այս դեպքում նորմալ է, որ այդ զանգվածը չունենա իր կարծիքը, որովհետեւ ինքն արդեն ընտրել է կարծիք չունենալու իր ուղին: Կարծիք չունենալու պատճառով ուզում եք վաղը Զանգիբասարից ինչ-որ մեկին բերեն պատվավոր քաղաքացու համար, միեւնույն է, մարդիկ էլի կողմ են քվեարկելու: Ես մարդկանց չեմ մեղադրում, այլ` համակարգին,-ասում է Վ.Թոքմաջյանը:
Ինչ վերաբերում է Լ.Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շահ ունենալուն կամ չունենալուն, պատմաբանն ասում է, որ ինքը չի կարծում, թե գործող քաղաքապետն այստեղ շահ ուներ, որովհետեւ նա քաղաքապետ վերընտրվելու «դաբրոն» արդեն ստացել է:
-Կարելի էր Գյումրիում փոքրիկ հարցախույզ անել՝ պարզելու համար` ճանաչու՞մ են էդ մարդուն, թե՞ ոչ, երկրորդ հերթին, եթե ճանաչում են, ապա ինչպե՞ս են վերաբերվում՝ դրակա՞ն, թե՞ բացասական, ներկայացնել, թե ի՞նչ գործունեություն է ծավալել Լ.Սարգսյանը, որը եղել է ի նպաստ Գյումրու, ոչ թե Գյումրին մարդազուրկ դարձնելուն: Դուք չեք կարող մի փաստարկ բերել, որ Ս.Սարգսյանը կամ նրա ընտանիքի որեւէ այլ անդամ իր նախագահության կամ պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու օրոք Գյումրու համար արել է որեւէ դրական բան: Իսկ ես ձեզ կարող եմ տասնյակ օրինակներ բերել, որ բազմաթիվ բացասական բաներ են եղել: Էն հանգամանքը, որ 230 հազար բնակչից, ոչ պաշտոնական տվյալներով, Գյումրիում մնացել է 70 000-80 000 մարդ, դա կատաստրոֆիկ դեմոգրաֆիական ճգնաժամի մասին է վկայում: Եթե այսօր Հայաստանի երկրորդ քաղաքն համարվող Գյումրին, որը ժամանակին եղել է ԽՍՀՄ նշանակության արդյունաբերական կենտրոն՝ 30-ից ավել գործարաններով, իսկ այժմ Հայաստանի սոցիալապես ամենավատ վիճակում գտնվող քաղաքն է, դա պետության վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքն է: Հիմա էնքան պարգեւ շնորհեն իրար, էնքան թուշ պաչեն, էնքան պատվոգրեր ցույց տան. դա ինչո՞վ կթեթեւացնի գյումրեցու հոգսը՝ ոչնչով: Սա ընդամենը հերթական ցինիզմն է»,-հավելում է Վ.Թոքմաջյանը:
Դեռեւս շարունակվում է Ս.Սարգսյանի եղբորը` Լեւոն Սարգսյանին, «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու համար մեկնարկած ստորագրահավաքը, ստորագրահավաքին միացել է 1700-ից ավել քաղաքացի:
Հարցը կընդգրկվի Գյումրու ավագանու նիստի օրակարգ, հետաքրքիր է, թե այս ամենից հետո ներկա ավագանու անդամներից քանի՞սն է այս անգամ կողմ ու դեմ քվեարկելու:
Աղբյուրը՝ asparez.am
Комментариев нет:
Отправить комментарий