«Ասպարեզ»-ի զրուցակիցն է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը
-Պարոն Թոքմաջյան, ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը նախատեսում է, որ կառավարության առաջիկա տարիների գործունեությունն ուղղված է լինելու սփյուռքի ներուժի թիրախայինօգտագործմանը, ինքնակազմակերպմանը, ազգային ինքնության պահպանման հարցերում աջակցությանը, Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը:
Կառավարության այս նպատակի եւ ցանկության մասին մենք ընթերցում ենք գրեթե բոլոր ծրագրերում: Ի՞նչ եք կարծում, սա որքանով է իրականանում, իսկապե՞ս կառավարությունը ձգտում է այս թվարկած ցանկություններն ու նպատակներն իրականացնել:
-Ոչ հիմա, ոչ էլ առավել ևս հինգ տարի հետո, կառավարությունը չի ունենա ներուժ, թղթի վրա առկա այդ կենացներն իրագործելու: Մտքերն արդեն իսկ աբսուրդ են: Ինքնակազմակերպում, հայապահապանություն և այլն: Եթե խնդիր է դրվում ինքնակազմակերպման, ապա կառավարությունն էլ ի՞նչ գործառույթ ունի: Ստացվում է հակադրությունների տաֆտալոգիա: Սփյուռքի ներուժի թիրախային օգտագործում չի կարող լինել: Նրանք թիրախային օգտագործում ասելով, ի նկատի ունեն երևի թե սփյուռքի փողերը, որոնց մասին միշտ երազել են: Սակայն սփյուռքի մեր հայրենակիցները լավ են ճանաչում այս՝ քցողների իշխանությանը: Առավելագույնը որ կարող է լինել, մեկ-երկու բարերար ինչ-որ փոքրիկ կտակներ գրեն կամ փոքր ծավալի ներդրումներ անեն, որն հիմա էլ է արվում: Մնացած դեպքերում, սփյուռքի հետ կապը վաղուց կորած է, որովհետև համագործակցության ձևաչափն է միշտ սխալ եղել: Հակառակ կողմից, Սփյուռքի հայը հասկանում է, որ ինքը չունի այնպիսի ուժեղ պետականություն և թիկունք, ինչպես, ասենք, ունի հրեան:
-Կառավարության նույն ծրագիրը նախատեսում է նաև, որ մինչև 2018 թվականի ավարտը լրամշակելու եւընդունման է ներկայացվելու «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սա որքանո՞վ է անհրաժեշտ մեզ կամ սփյուռքին, իսկապե՞ս հայրենադարձության համար անհրաժեշտ է օրենքով շարժվել:
-Սովորաբար, հայրենադարձության մասին կազմում են որոշումներ: Ինչպես դա եղավ խորհրդային տարիներին, երբ եղան մի քանի նման որոշումներ ու հայրենադարձների ալիքներ ունեցանք ինչպես Մերձավոր Արևելքից, այնպես էլ եվրոպական երկրներից: Այլ էր այն ժամանակաշրջանի սոցիալական, քաղաքական մշակութային միջավայրը, այլ է հիմա: Այն ժամանակ մարդիկ, կարելի է ասել ինչ-որ տեղ խաբվելով գովազդին, գալիս էին սովետների երկիր՝ արդարության հույսով: Իրենց ապրած երկրներում ունեին նաև կենսական ու սոցիալական խնդիրներ: Հիմա հասկանալի է, որ Հայաստանում մարդ չի մնացել: Կառավարությունը գենոֆոնդի ճգնաժամը, անհաջող կերպով փորձում է լրացնել Սփյուռքի հաշվին, ինչն, անկասկած, չի ստացվի: Նրանք իրերին նայում են մակերեսորեն: Ոլորտի պատասխանատուներին թվում է, թե Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամը կօգնի իրենց: Սակայն դա այդպես չէ: Մինչ այդ ճգնաժամը, մեր հայրենակիցներն այդ երկրներում ապրում էին բավականին բարվոք և բարեկեցիկ կյանքով, ինչը ՀՀ-ն նրանց չի կարող տալ: Նրանց համար, ՀՀ-ն առավելագույնը կարող է լինել միջանցիկ երկիր, Եվրոպա կամ Հյուսիսային Ամերիկա արտագաղթելու համար: Լավ, ենթադրենք 5000 ընտանիք հաստատվեց Հայաստանում: Դա էության մեջ ոչինչ է: Եթե անգամ հաստատվեն, համոզված եղեք, նրանց մեծ մասը, ներսից ծանոթանալով վիճակին, շատ շուտ կաշխատեն փախչել այստեղից:
-Սփյուռքի հետ սերտ կապ հաստատելու համար առաջին հերթին ի՞նչ է անհրաժեշտ ՀՀ-ից, նաև յուրաքանչյուր քաղաքացուց:
-Նախ պետք է փակել Սփյուռքի նախարարություն կոչվող կառույցը: Անհրաժեշտ է, որ մարդը մարդու հետ շփվի: Ես չգիտեմ ավելի ամուր կապեր, քան անհատների մեջ հաստատված անհատական, ինչ որ առումով նաև մարդկային ու հուզական կապերն են: Պետությունը կարող է միայն կողքից, շատ թույլ աջակցել այս ամենին: Բայց տեսեք, ինչպես ամեն հարցում, այստեղ ևս, մեզանում կեղծիք ու ձևականություն է: Կա ծրագիր, կոչվում է ՝ «Արի տուն»: Պատանիներ ու երիտասարդներ են բերում Հայաստան, ովքեր հյուրընկալվում են հայկական ընտանիքներում: Ես բազմաթիվ կամավոր ընտանիքներ գիտեմ մարզերից, ովքեր պատրաստ են ընդունելու նրանց: Սակայն տիկին Հրանուշը որոշել է, որ նրանք բնակվելու են միայն Երևանում, կամ հարակից տարածքներում: Այսինքն ի՞նչ, մարդը եկավ, իրեն զգաց տուրիստ, իրական Հայաստանը չտեսավ, հայաստանցուն չտեսավ, նրա հոգսը չկիսեց, նրա հետ չապրեց, գյուղի խնդիրներին չտիրապետեց:
-Իսկ ի՞նչ եք կարծում` այսօր սփյուռքի մեծամասնությունն ինչպես է ընդունում Հայաստանում տիրող այս սոցիալական ծանր իրավիճակը, ներքաղաքական անհանգստությունը, այս իրավիճակի ստեղծման մեջ ո՞ւմ է տեսնում մեղավոր:
-Ես կարող եմ ենթադրություններ անել` ելնելով միայն իմ կապերից ու շփումներից: Իհարկե, ընդունում են շատ վատ, շատ հուզական ու հայհոյում են ավելի շատ, քան մենք: Մի մոռացեք, որ հիմարագույն քաղաքականության արդյունքում, առաջ ենք քաշել երկու գործոն, որն ընդհանրական է Սփյուռքի համար՝ Ցեղասպանության խնդիր ու, այսպես ասած, հայ առաքելական եկեղեցի: Առաջինից եթե խոսեմ, շատ կծավալվեմ, իսկ երկրորդի պարագայում, հենց սփյուռքն է շատ հաճախ բացահայտող հոլովակներ նկարահանում` բացելով նաև մեր աչքերը: Ու դա նրանց հիմք է տալիս էլ ավելի զզվելու ներհայաստանյան իրավիճակից:
Անի Մկրտչյան
Աղբյուրը՝ asparez.am
Комментариев нет:
Отправить комментарий