Արեգակնափայլ տերությունում, հատկապես ծայրամասային գավառներում, ընդգծվում էր ժողովրդի ողջ թշվառությունը: Այդպես է նաև Հայաստանում: Երբ ճանապարհորդում ես դեպի Ջավախք, անցնում ես Արագածոտնի ու Շիրակի մարզերով: Հարյուրավոր կիլոմետրեր, բայց մարդը չկա: Մարդը վախեցել ու թաքնվել է, կամ արդեն հոգնել է սպիտակ մեքենաներով երթևեկողների անակնկալներից: Այստեղ կյանքը կանգնած է:
Կյանքը կանգնած է նաև Ջավախքում: Ջավախքի մուտքը՝ վրացական պատառոտված դրոշները և թափանցիկ ոստիկանական շենքերը, պերճանքի ու թշվառության յուրատեսակ խառնուրդ են:
Մենք մի ազգային վատ գիծ ունենք՝ ամեն ինչ, ամեն մի պատմական, դա կլինի հայրենիք, թե հերոս, մենք սիրում ենք պատմել միֆականությամբ: Չարդարացված միֆականությամբ: Մեզ համար դարձնում ենք սրբություններ ու հետո ինքներս մեզ արգելում ենք քննարկել այդ սրբությունները: Փարվանան ու Թմուկ բերդը լավն են Թումանյանի պոեմներում: Իսկ իրականու՞մ: Իրականում Փարվանայի ափին կարելի է միայն գորտերին վախեցնել, որովհետև կրկին մարդը չկա, իսկ Թմուկի պարագայում, այն հետաքրքիր չէ անգամ կողքի ապրող մարդուն: Ինչ սուտ ու լեգենդ ասես կպատմի, սակայն երբեք չի էլ եղել իրենից մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող բերդը: Բերդ, որ իրենն է:
Փոխարենը ոչինչ չանող սքեմավորը հերթական անգամ կբողոքի, որ հայկական եկեղեցիները պղծվում են վրացիների կողմից, պատմությունը կեղծվում է, հասարակական բողոք չկա, հասեք-փրկեք և այլն: Այդ ամենի հետ մեկտեղ, նա կանի նույնը՝ կկեղծի պատմությունը և վրացական Վանիս Քվաբեբին կդարձնի ավելի հայկական՝ Վահանավանք, չնայած անուն փոխելով, պատմությանը ծանոթ մարդուն չես համոզի: Ընդհանրապես ինձ, խստիվ հոգնեցրել են հայ ու վրաց սքեմավորների անդադար թվացող վեճերը եկեղեցիների պատկանելիության շուրջ: Մառազմն հասել է այնտեղ, որ բոլորին հայտնի՝ ասորի ղպտիների կառուցած եկեղեցու հարցում ևս վիճարկում են: Թողնենք դավանաբանական վեճերի կրողներին ու գանք Ջավախքի հոգսերին:
Ջավախքը տիպական օրինակն է այն բանի, թե ինչքան բան չհասցրեց անել Սահակաշվիլին: Եթե մի քանի կետում դեռ կա փոփոխություն, ապա դա նրա իշխանության մեխանիկական շարունակությունն է: Իսկ մեծ հաշվով, Ջավախքում կյանքը կանգնել է: Կյանքը կանգնել է այնպես, ինչպես Շիրակում կամ Վայոց Ձորում:
Հոգսերը շատ են, լուծումները՝ քիչ: Եթե մի տարածքում չկա մշակութային կյանք, մարդը դադարում է լինել մշակութաստեղծ, ապա սպառվում է: Ջիվանու ու Տերյանի հայրենիքում այսօր չկա արվեստ: Արվեստ լայն առումով, կիրառելի ու սպառողի համար հասանելի դիտանկյունից: Ջավախեցին կպատմի Ախալքալակի բերդի պատմությունը, սակայն կփորձի չնկատել, որ այդ բերդը գոմ է դարձել, դրան բնորոշ բոլոր հատկություններով:
Ամեն անգամ, նոր դիտանկյունից կարելի է նայել Ջավախքին: Սակայն իրերի ուղին նույնն է: Էությունը ՝ անփոփոխ: Մարդն ապրում է մեխանիկորեն, վաղվա՝ հերթական ալարկոտ օրվա հեռանկարով:
Комментариев нет:
Отправить комментарий