пятница, 2 сентября 2016 г.

Ինկվիզիցիա, ես քեզ սպասում եմ

Մաս Առաջին



ՀՀ-ում, դպրոցն առանձնացված է եկեղեցուց: Ասել է թե, վաղուց, Հայաստանում, ի դեմս հանրակրթական դպրոցների չկան ծխական դպրոցներ կամ վարդապետարաններ: Ավելին` դպրոցում արգելվում է կրոնական և քաղաքական քարոզը: Այս ամենն ամրագրված են օրենքներում: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե այդ օրենքները գործեին, սակայն ինչպես միշտ է լինում հայաստանյան իրականության պայմաններում, դրանք կան հենց այնպես, լինելու համար: Ու չնայած այն հանգամանքին, որ դպրոցը վաղուց աշխարհիկ է, ՀԱՍԵ (Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի) կոչվող կառույցը որևէ կերպ չի համակերպվում այս մտքի հետ և փորձում է ամեն կերպ ներխուժել կրթական համակարգ: Հատորներով կարելի գրել այն մասին, թե ինչպես է սույն կառույցը Հայաստանում, իսկ նույնաբովանդակ կառույցներն ամբողջ աշխարհում, պատուհաս հանդիսացել կրթական համակարգի համար: Հոդվածներից մեկում դրան անդրադարձել եմ, ուստի զերծ կմնանք պատմական ակնարկներից:
Եկեղեցին չհանդուրժելով կրթական մոնոպոլիայից իրեն դուրս մղելու հանգամանքի հետ, հուշիկ քայլերով վերադառնում է նախասկզբնական դիրքեր: 90-ականներին եղան նման փորձեր, սակայն ձախողեցին, իսկ ահա վերջին շրջանում, կարծես թե հաջողում է այդ ամենը` Հայ Եկեղեցու Պատմություն դասընթացի տեսքով: Մինչ բուն դասընթացի բովանդակությանն անդրադառնալը խոսենք դասընթացի անվանման և Չափորոշիչների մասին:
Դասընթացի անվանումն իսկ, մեղմ ասած չի համապատասխանում առարկայի բովանդակությանը: Դեռ մի կողմ թողնելով անվան մեջ առկա Հայ բառը (կաթոլիկ եկեղեցին ինչու՞ չի կոչվում իտալացի, կամ ասենք իսլամը̀ արաբ), գանք հինգերորդ դասարանի դասագրքին, որտեղ խոսվում է Հին Կտակարանի մասին: Կան ծավալուն հատվածներ, առակներ, ամենատարբեր բովանդակության նյութեր, որոնք վերցված են այդ գրքից և կարող են անկյունաքարային դառնալ 5-րդ դասարանի սովորողի մտածողության համար: Եթե անգամ մի կերպ համակերպվենք այն իրողության հետ, որ սովորողը կարող է <<սերտել>> հայ եկեղեցու պատմություն, ապա չենք կարող համակերպվել այն իրողության հետ, թե ինչու, հայ սովորողը, իսկ նրանք գերակշիռ են ՀՀ բոլոր կրթական հաստատություններում, դեռ Հայոց Պատմություն չուսումնասիրած, պետք է մանրակրկիտ ծանոթանա հրեական առասպելներին ու լեգենդներին (տողերիս հեղինակը այլատյացությամբ չի տառապում):
Այժմ գանք Չափորոշիչ կոչվածին: Այս դարակազմիկ տեքստի Հայեցակարգ բաժնի նպատակ մասում գրված է`
Հայ Առաքելական եկեղեցու պատմության ուսումնասիրության անհրաժեշտությունը հանրակրթական դպրոցում պայմանավորված է աճող սերնդի սոցիալ-հումանիտար կրթությունը լրացնելու, նոր սոցիոմշակութային պայմաններում աշխարհիկ դպրոցում դաստիարակչական գործառույթների զարգացման մանկավարժական պահանջներով, ինչպես նաև կրթական համակարգում ուսուցման հոգևոր-բարոյական հիմքերը վերականգնելու ձգտումներով:
Այս անբովանդակ բառակույտը, որը հատուկ գրված է անհասկանալի լինելու համար, փորձենք վերծանելկիրառելով բոլոր հնարավոր մեթոդները: Աճող սերնդի սոցիալ-հումանիտար մշակույթի հետ ով-ով, բայց եկեղեցին հաստատ չպետք է գործ ունենա: Կառույց, որտեղ դեռ ոչ վաղ անցյալում պրակտիկ կիրառություն ուներ ճիպոտի հարվածը` չստերտած էջերի դիմաց: Ու  հիմա, այդ նույն ոգով գալ, խցկվել սոցիալ-հումանիտար ոլորտ (այստեղ հեղինակները դեռ պետք է պարզաբանեն, թե ինչ է ասել սոցիալ-հումանիտար), այդքան էլ չի համապատասխանում այս նույն մեջբերման երրորդհոգևոր-բարոյական բաղադրիչին: Դաստիարակչական-մի տեսակ հոտած ու նեխած խորհրդային հոտ եմ զգում ես այս բառից: Հենց կարդում եմ այս բառը, հիշում եմ դեղնած մատյանները, սովետական պոմադայով, գզգված մազերով ու հատ գնացած չուլկիներով դաստիարակչական գծով փոխտնօրենին, որոնց գերակշիռ մասը, ի պատիվ իրենց տունը մնացած էր: Կամ ո՞վ է սահմանել մանկավարժական պահանջները, կամ ով է թույլ տվել կղերների ներխուժել աշխարհիկ կրթության դաշտ ու մի հատ էլ յուր օգնությունն առաջարկելումանկավարժական գործառույթների վերաբերյալ:
Սակայն աբսուրդի թատրոնը` իր գոյաբանական դրսևորումներով ամբողջանում է երրորդ բաղադրիչում` ինչպես նաև կրթական համակարգում ուսուցման հոգևոր-բարոյական հիմքերը վերականգնելու ձգտումներով: Սույնով, հեղինակ(ներ)ը ուզեցել է (են) ասել, որ այժմյան հանրակրթությունն անհոգի և անբարոյական տիրույթ է, և այս առարկան գալիս է ուղղելու խաթարված բարքերը: Մի քանի ճշտում: Հոգևոր բաղադրիչը̀ առավել ևս կրթական հոգևոր կամ որ նույնն է հումանիտար բաղադրիչը (նայած թե մշակութային բաժանման որ մոդելն է մեր սրտով), մեծ հաշվով որևէ աղերս չունեն եկեղեցու կամ կրոնի հետ, իսկ եթե անգամ ունեն էլ, ապա այնքանով, որքանով ցանկացած այլ առարկա: Եթե այդ կառույցի կամ կառույցի գաղափարաբանությունն արտացոլող առարկայի մեջ խցկված է հոգևոր եզրույթը, ապա դա չի նշանակում, որ այն պետք է մատուցել աքսիոմատիկ ճշմարտություն̀  <<խավարի խորխորատներում>> տառապողներիս համար: Իսկ այ բարոյականություն կատեգորիայի, կամ ավելի շուտ հասարակական ընկալումներում առկա կատեգորիայի (ընկալումներ, զի բարոյականությունչ չունի համընդհանուր սահմանում) մասին, ի բարօրություն սույն առարկայի ջատագովների, չենք խոսի:
Հաջորդ հատվածը
Ներկայումս հայկական կրթական համակարգի զարգացման առանձնահատկություններն են արդիականացումը և բարեփոխումը, որոնք կապված են վերջին տարիներին հայ հասարակական կյանքում տեղի ունեցած հոգևոր, սոցիալ-քաղաքական և տնտեսական խոշոր փոփոխությունների հետ: Այդ արդիականացման և բարեփոխումների ուղղություններից է լրացնել կրթության սոցիալական-մարդասիրական բոնադակությունը, որի նպատակն է մասնավորապես վերացնել  պետաաշխարհիկ դպրոցի ավանդական հոգևոր-ազգային մշակույթից հրաժարվելու նախընթաց շրջանի հետևանքները: Հայ հոգևոր-մշակութային, հոգևոր-ազգային արժեքները ձևավորվել են նաև Հայոց եկեղեցու ազդեցության և մասնակցության պայմաններում, դրանք խորապես կապված են Հայ Առաքելական դավանանքի հետ: Հետևաբար Հայոց եկեղեցու պատմությունը աճող սերնդի համար կարևոր նշանակություն ունի սոցիալական-մարդասիրական գիտելիքներ ձեռք բերելու և այդ արժեքներին հաղորդակցվելու առումով:
Այս զգայացունց, լրջագույն իմաստասիրական պատճառահետևանքային կապով ու դարակազմիկ եզրակացություններով տմարդիությունը գալիս է լրացնելու նախորդին: Ոճն ակնհայտ բոլշևիկյան է: Բայց եթե բոլշևիկյան է, այդ դեպքում այն մի տեսակ հակադիր պետք է լիներ կրոնի հետ: Բայց տես որ չէ, ամեն դեպքում, լավագույն երեցներ թերևս դառնում են գիտական աթեիզմ դասվանդողները: Սա նույնն է ինչ ասենք մեկը ժամանակին ՀՀՇ-ական էր, հետ դարձավ դաշնակցական, հետո̀  հանրապետական, հիմա̀  նորից դաշնակցական և այլն: Չքաղաքականացնենք: Եթե հեղինակը կարծում է, որ ներկայիս կրթական համակարգի առանձնահատկություններից են արդիականացումը և զարգացումը, ապա այդեղ էլ ինչ գործ ունի այնպիսի մարգինալ կառույց, ինչպիսին եկեղեցին, որի այսպես ասած պատմությունը դասավանդելով փորձում են սովորողներին նորից նետել միջնադարյան խավարի խորխորատները: Ակնհայտ է նաև, որ հեղինակը շփոթում է սոցիալ և սոցիալական եզրույթները: Իսկ ինչ մնում է հոգևոր-ազգային բաղադրիչներին և դրանց նույնականացմանը, որը հետևողականորեն անում են 1700 տարի, ու հոգևոր ասելով, պարտադիր ի նկատի ունեն եկեղեցին ու նրա պարտադրած կրոնը, ապա պարզապես չենք անդրադառնալու: Կարիք չկա տեքստը ծանրաբեռնել մարտնչող տգիտության վրա լույս սփռելու համար: Իսկ ինչ մնում է նախընթաց շրջան ասվածին, որը ենթադրում եմ բոլշևիկյանն էր, ապա ազգային ողբերգություն է, երբ 25 տարի դեռ պայքարում էս մեռելի դեմ, թարմ պահելով դրա հիշատակը: Կամ գործում է հակառակ սկզբունքը` նոստալգիան չի թողնում ձերբազատվել այդ շրջանի կաղապարված մտածողությունից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ Չափորոշիչը կարդալուց, մարդու մոտ առաջանում են նյարդային ցնցումներ, ուստի չեմ վտանգի իմ առողջությունը: Եվ կշարունակեմ վերականգնվելուց հետո:

Վերջ առաջին մասի:


Комментариев нет:

Отправить комментарий