среда, 21 сентября 2016 г.

Հերթականի շրջափուլը

Հայաստանում տրվեց մեկնարկը ՏԻՄ ընտրությունների: Այս ընտրությունների հետ կապված հնչել են և դեռ կհնչեն ամենատարբեր գնահատականները, սակայն այս ընտրությունները կարևոր են մի քանի հանգամանքներից ելնելով: Դրանք ներառում են ՀՀ գրեթե բոլոր խոշոր համայնքները ̀ ի մասնավորի Գյումրին և Վանաձորը: Ավանդաբար ընդդիմադիր համարվող այս երկու քաղաքների արդյունքների պատկերները շատ հետաքրքական կլինեն: Այդ է վկայում այնտեղ ծավալված համառ պայքարը, որը ունի իր մի քանի բարդ կողմերը:

Իշխանությունը, ինչպես միշտ, ներմուծել է «ընդդիմադիր ֆեյքերի», իսկ ընդդիմությունը կրկին միավորվել չի կարողացել: Որոշակի եզրակացություններ կարող ենք անել միայն ընտրություններից հետո, իսկ մինչ այդ քննարկենք արդեն կայացած ընտրությունների արդյունքները: Դրանք նշաձողային են բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք պատրաստվում են մասնակցել 2017 թվականի ապրիլյան խորհրդարանական ընտրություններին, որտեղ էլ փաստացի կձևավորվի ՀՀ ապագա իշխանությունը: ՏԻՄ ընտրություններով հետաքրքված էր նաև Արևմուտքը, քանի որ ԸՕ քննարկումների շրջափուլում և հատկապես իշխանություն-ընդդիմություն համաձայնեցված արդյունքի կյանքի կոչելն էապես կախված է այդ կողմից եկող ֆինանսավորումներից: Մյուս կողմից էլ, թվում էր, թե գոնե այս անգամ իշխանությունը կզոհի իր կիսադեմը՝ հանուն հանուրի բարօրության, սակայն դա տեղի չունեցավ: Բացառությամբ երկու երեք համայնքներում, որտեղ չհաղթեց իշխանության թեկնածուն, մնացած դեպքերում պատկերը նույնն էր:
Ընդդիմախոսները կարող են պնդել, որ ՀՀԿ-ն պարտվեց երեքից ավել համայնքներում, սակայն իրականում դա այդպես չէ: ՀՀԿ-ն, ինչպես տասը տարի առաջ, «լիցենցիա ստուպրի» (մեղքի թույլտվություն) էր տվել ԲՀԿ-ին և վերածնված ՕԵԿ-ին՝ «Հայկական վերածնունդ» վերտառությամբ: Անգամ որոշ համայնքներում, որտեղ վերջինս ունի թեկնածուներ, ՀՀԿ-ն առաջնային առաջադրում չի արել: Սա ինքնին խոսուն հանգմանք է: Նախկին ԲՀԿ-ականներին ներկայացնելով հիմնականում որպես անկուսակցականներ՝ իշխողները կարողանում են փոշիացնել ընդդիմության ձայները՝ առայժմ գոնե տեղային մակարդակում: Սցենարի հաջող աշխատելու դեպքում այն կկիրառվի նաև խորհրդարանականի պարագայում:
Ի վերջո, ցանկացած քաղաքական ուժ, որն իրեն չի հայտարարում իշխանական, բայց Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, գողանում է հենց ընդդիմության քվեները: Էական է նաև անդրադառնալ ընդդիմության ռեսուրսներին: Մեկ անգամ ևս կրկնվեց այն տխուր պատկերը, որն առկա է երկար տարիների ընթացքում:
Ընդդիմությունը չի կարողանում ՏԻՄ ընտրություններում էական հակազդեցություն ցուցաբերել կամ կիսալուրջ թեկնածու ներկայացնել մեծ ի մասամբ: Իրենց ողջ ռեսուրսները կենտրոնացնելով Գյումրու և Վանաձորի վրա՝ ընդդիմադիրները նախ այնտեղ կփոշիացնեն միմյանց, իսկ մնացած դեպքերում, ինչպես ասենք Վաղարշապատն է կամ Աշտարակը, որևէ պայքար չեն ծավալի: Այսպես է նաև հայաստանյան գյուղական համայնքների մեծ մասում: Չնայած այս վերջինում ավելի շատ գործում է գերդաստանային սկզբունքը: Ում գերդաստանը գյուղում ավելի մեծ է, նա էլ հաղթում է: Իհարկե, եթե այդ գերդաստանի ներկայացուցիչը ընդդիմադիր է, ապա նրա իշխանությունը գործում է հին մեխանիզմով՝ գերդաստանից առաջադրելով մեկ այլ թեկնածուի: Գործում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքը: Կարելի է ասել, որ այն հիմնականում արդարացնում է իրեն: Այս ընտրություններին իշխանությունն հնարավորություն ուներ ներկայանալ նաև առավել կազմակերպված և առանց լուրջ միջադեպերի: Կարող էր գործի դնել կեղծիքների իր հին մեքենան ու բավարարվել դրանով, սակայն բռնություններից խուսափել չհաջողվեց. դա հատկապես տեղի ունեցավ Վաղարշապատում:
Իհարկե, այստեղ աղմուկը շատ չէ, քանզի բռնության ենթարկվածը երբեք չի եղել ընդդիմադիր, ավելին, միգուցե նաև իշխանական կերակրատաշտին մոտ կանգնած թիմից է: Մինչ նախաքննությունը չավարտվի, որևէ ճշմարտանման դատողություն չենք կարող անել, բայց այս հանգամանքը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի շատ համայնքներ դեռ մնում են բդեշխություններ: Ընդսմին, եթե այս ամենին գումարում ենք նաև Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական մուրացիկ վիճակը և 5000 դրամով ընտրության պատրաստ զանգվածը, ապա պետք է փաստենք, որ գոնե այս պահին իշխանությունը կարող է իր ուզած տոկոսները նկարել:
Վահրամ Թոքմաջյան
 
Past.am վերլուծաբան

Комментариев нет:

Отправить комментарий