пятница, 15 декабря 2017 г.

Հասարակագիտական լաբորատորիա. նախագիծ

Նախագիծ
Հասարակագիտության լաբորատորիա


Հասարակագիտական լաբորատորիան բաց հարթակ է, որի շրջանակներում իրականացվում են նախագծեր, հետազոտություններ, ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են հասարակագիտական դասընթացներին, դրանց ծրագրերին, ուսումնական մեթոդներին, դասընթացների բովանադակությանը և հասարակագիտական գիտակարգերին։  Հաշվի առնելով արդի տեղեկատվական հոսքերի բազմազանությունը, ծավալի կտրուկ ավելացումը և բարդացող իրականությունն ընկալելու անհրաժեշտությունը, գլխավոր հիմնախնդիր է դառնում սովորողների մոտ համապատասխան հմտությունների ձևավորումը, առկա գիտակարգերի բովանդակության վերանայումը, դասավանդման հնարավորինս անհատականացումը։

Հաշվի առնելով վերոնշյալը, խնդիր է առաջանում նաև սովորողների սոցիալիզացիայի, երաշխավորված գրականության բովանդակության և սովորողների պահանջմունքների միջև առկա հարաբերակցության մեջ։ Անհրաժեշտ է դառնում այլընտրանքային աղբյուրների և մեթոդների կիրառումը ուսումնական գործընթացում։ Սակայն, այդ այլընտրանքը չի կարող լինել ինքնանպատակ։ Համացանցի բաց հարթակում սովորողը կարող է հանդիպել, իրականությանը չհամապատասխանող, բովանդակազուրկ, մակերեսային բազմաթիվ տեղեկույթների։ Անհրաժեշտ է, նույնիսկ այլընտրանքային աղբյուրներ, ուսումնական փաթեթներ և այլ գործիքներ տրամադրելուց առաջ, դրանք ուսումնասիրել, բերել համապատասխան բովանդակային դաշտ։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես այլընտրանքային և հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող հաստատություն, լայն հնարավորությունն է ընձեռում, ներածության մեջ առկա խնդիրների լուծման համար։ Լաբորատորիայի գործունեության արդյունքում առաջացած ուսումնական նյութերը, փաթեթները կիրառելի կլինեն ինչպես կրթահամալիրում իրականացվող ծրագրերի, այնպես էլ այլ հանրակրթական հաստատություններում իրականացվող դասընթացների համար։

Աշխատանքային հիմնական ուղղություններ

Լաբորատորիայի  դասագիրք-բլոգի ստեղծման աշխատանքներ.

Լաբորատորիայի բլոգը, դառնում է առցանց հարթակ, որտեղ հրապարակվում են աշխատանքների արդյունքները՝ ուսումնական նյութեր, փաթեթներ, տեսադասեր, հոդվածներ, ուսումնասիրություններ, անհրաժեշտ ռեսուրսների ցանկ, հետազոտությունների արդյունքներ, մեթոդական ձեռնարկներ, այլընտրանքային դասագրքեր, ուսումնական նյութերի թարգմանություններ։

Մասնագիտական-մանկավարժական հոդվածաշարեր ներկայացնելու նպատակն է, որոշակի համակարգված տեսքի բերել առկա փորձը։ Ընդհանուրից անցում կատարել մասնավորին, կոնկրետ դրվագի, թեմայի, դասընթացի, դասընթացի կազմակերպման ձևի, առաջադրանքի և այլնի հետ կապված։ Բացի նշված շարքից, այս ուղղության հիմնական նպատակներից է, նաև բովանդակային քննարկման դաշտը։ Հասարակագիտական ոլորտում, կան տիրող հայեցակարգեր, որոնք շատ հաճախ չեն համապատասխանում իրականությանը, կամ ներկայացված են ըստ հայեցողության։ Խնդիր է դրվում, նմանատիպ թեմաները ներկայացնել բազմակողմանի և տարբեր տեսանկյուններից։

Առաջադրանքները պետք է լինեն հետազոտական բնույթի, օգտագործվող աղբյուրների, այդ թվում օտարալեզու, սովորողի քննական վերաբերմունքի դրսևորմամբ։

Անդրադարձ նաև այսպես կոչված սահմանային գիտություններին։ Ընդդիմախոս սովորողի համակարգի ձևավորում։

Հասարակագիտական առարկայական ծրագրեր և չափորոշիչներ։
Առկա փորձի համակարգում, նորացում, ներկայացում։

Երկարաժամկետ համագործակցային նախագծեր-ճամբարներ, համատեղ քննարկումներ, ֆիլմերի դիտում, գիտաժողովներ, տեսադասեր և այլն։

Հասարակագիտական ուղեցույցերի մշակում։

Ներկայացված ոլորտների ցանկը չի սահմանափակվում։ Այն կարող է ներառել այլ ոլորտներ ևս։ Ինչպես այս, այնպես էլ լաբորատորայի աշխատանքի մյուս ուղղություններում, նախատեսվում է բաց աշխատանք, շահագրիռ անհատների և խմբերի մասնակցությամբ։

Ուղղություններ՝
Պատմություն
Ազգագրություն
Հնագիտություն
Սոցիոլոգիա
Մարդաբանություն
Մշակութաբանություն
Քաղաքագիտություն
Իրավագիտություն
Իմաստասիրություն
Եվ այլք։

Վահրամ Թոքմաջյան

Աշոտ Տիգրանյան

Комментариев нет:

Отправить комментарий