Սեպտեմբերի 21-ը ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձն է
Ի՞նչ տվեց անկախության հռչակումն հայ ժողովրդին տնտեսական եւ քաղաքական առումով, ի՞նչ եք կարծում` ՀՀ բնակչության մեծամասնությունն այսօր գո՞հ է անկախության հռչակումից, անկախ հռչակված երկիրն ինչպիսի՞ չափանիշներ պետք է ունենա, արդյո՞ք Հայաստանը կարելի է համարել իսկապես անկախ պետություն: Վերը նշված հարցերի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանի հետ:
-Անկախացման փուլում բառն ու հասկացությունն ինքնին երազային էին։ Ի վերջո, դա ենթադրում էր սեփական հողում ունենալ քիչ թե շատ սուվերեն պետություն, որը կլուծի իր քաղաքացիների առաջ ծառացած խնդիրների մեծամասնությունը։ Դա ենթադրում էր մի իրավիճակ, երբ գրպանումդ ՀՀ անձնագիր ունենալը միայն հպարտության զգացողություն կարող էր բերել։ Ցավոք, արտաքին ու ներքին անբարենպաստ հանգամանքների բերումով մենք այսօր դա չունենք։ Ինչ խոսք, ես չեմ մեղադրում որեւէ արտաքին խաղացողի։ Մեր խնդիրների մեջ առաջնայինը մենք ենք պատասխանատու: ՀՀ բնակչությունը կարող է գոհ կամ դժգոհ լինել այն պետությունից, որտեղ ապրում է։ Իսկ մնացածը, թե սովետի ժամանակ սա էր, նա էր, կարծում եմ, անկարողունակ, իր ապրելու եւ ստեղծելու իրավունքն օտարած, իրեն պահանջատեր քաղաքացի չհամարող մարդու հոգեբանություն է։ Այս իրավիճակը, ցավոք, այսօր շատ տարածված է։ Դա բնորոշ է անցումային հասարակություններից շատերին, սակայն 25 տարին, կարծում եմ, բավարար ժամանակ էր, այդ խնդիրների մի զգալի մասին լուծում տալու եւ այդ մտածողության մի մասը կոտրելու համար։ Անկախ երկրի չափանիշներն ամրագրված են միջազգային օրենքներով եւ սեփական սահմանադրությամբ։ Սակայն խոսել այդ մասին առնվազն անշնորհակալ գործ է, հատկապես այն պարագայում, երբ սահմանադրության յուրաքանչյուր հոդված խախտվում է, եւ խախտվում է այն մարդկանց կողմից, ովքեր պատասխանատու էին հենց կիրառման համար,-նշում է Վ.Թոքմաջյանը։
Նրա խոսքով` անկախ հռչակված երկիրը նախեւառաջ պետք է ունենա այդ անկախությունը գնահատող եւ իրեն անկախ երկրի քաղաքացի գիտակցող հասարակություն, որն այսօր, մեծ մասամբ մենք չունենք:
-Իսկապես, անկախ պետականության բաղադրիչները չափազանց ոչ հստակ են։ Եթե դու ուզում ես լինել իրապես անկախ այսօրվա աշխարհում, պետք է գնաս Հյուսիսային Կորեայի օրինակով։ Իսկ թե ինչ է դա տալիս, մենք գիտենք։ Ցանկացած միջազգային կազմակերպության անդամակցումը ենթադրում է անկախության որոշակի բաղադրիչի զիջում։ Սակայն այդ հարցում, մենք կարծում ենք չափն անցել ենք՝ չափազանց շատ զիջելով եւ անկախության միֆի կրողներից` վերածվելով գուբերնիայի մտածողություն ունեցող մարզի։
աղբյուրը ̀ asparez.am
Комментариев нет:
Отправить комментарий